Բավ է պառակտվել
21-10-2015 10:20

Նախատեսվում է ավելի շատ գազ ներկրել Իրանից.Փոխնախարար

Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ՝ նախատեսվում է 2017 թվականից Իրանից ավելի շատ բնական գազ ներկրել Հայաստան: Իրանի և Արևմուտքի միջև պատմական համաձայնությունից ընդամենը մեկ ամիս անց՝ անցած օգոստոսին, Երևանն ու Թեհրանը ստորագրեցին շուրջ 120 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր՝ երկու երկրները կապող երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության վերաբերյալ: Շինարարությունը պետք է ավարտվի 18 ամսվա ընթացքում: Փոխնախարարի խոսքով, երրորդ գիծը հնարավորություն կտա մեծացնել «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքի ծավալները․  «Միանշանակ հենց ծրագրի նպատակն էլ դա է, որպեսզի ծավալները մեծացնենք։ Քանի որ Հայաստան - Իրան գազամուղի ներուժը ավելի լավ կօգտագործենք և մեր արտադրական հզորությունների ներուժը ավելի լավ կօգտագործենք»: Հարությունյանը, սակայն, թվեր չնշեց․ «Գազատարի տարողությունը երկու միլիարդ է տարեկան, և նպատակն է՝ առավելագույնս դա օգտագործել»: Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով, իրանական գազը ավելի էժան է, քան ռուսաստանյանը: 2013-ի ընթացքում իրանական գազի հազար խորանարդ մետրի դիմաց Հայաստանը սահմանին վճարել է ավելի քան 183 դոլար, ռուսաստանյանի դիմաց՝ մոտ 266 դոլար: 2014-ին, համապատասխանաբար՝ շուրջ 188 դոլար և 202 դոլար: Չնայած այս հանգամանքին, Հայաստանը Իրանից մի քանի անգամ ավելի քիչ գազ է ներմուծում, քան Ռուսաստանից: 2014 թվականին հարավային հարևանից ներմուծել ենք 383 միլիոն խորանարդ մետր, Ռուսաստանից՝ 2 միլիարդ 109 միլիոն խորանարդ մետր: Բացի այդ, իրանական գազը չի վաճառվում հայաստանյան ձեռնարկություններին ու բնակչությանը: Այն Երևանի ՋԷԿ-ում վերածվում է էլեկտրաէներգիայի, որի մեծ մասը ուղղվում է Իրան: Չնայած մաքսայինի տվյալներին, Հայաստանի իշխանության ներկայացուցիչները հրապարակավ պնդում են, որ իրանական գազը թանկ է ռուսաստանյանից: Օրինակ, 2013 թվականի դեկտեմբերին՝ հայ-ռուսական սկանդալային գազային պայմանագրի կնքումից հետո, որով «ՀայՌուսգազարդ»-ը ամբողջովին անցավ Մոսկվային, Երևանն էլ պարտավորվեց մինչև 2044 թվականը երաշխավորել «Գազպրոմ»-ի իրավունքներն ու շահերը Հայաստանում, էներգետիկայի այդ ժամանակվա նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ իրանական գազի գինը սահմանին 400 դոլար է: