Բավ է պառակտվել
05-12-2017 12:25

Հունվարի 1-ից ՀՀ-ում սպասվում է լայն սպառման ապրանքների թանկացում

Ուղիղ մեկ ամսից լայն սպառման մի շարք ապրանքներ կթանկանան։ 2018 թվականի հունվարի 1-ից որոշ ապրանքատեսակների մասով Հայաստանում ուժի մեջ կմտեն Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ)մաքսային սակագները, ինչի արդյունքում կբարձրանան այն ապրանքների գները, որոնք ներկրվում են միության անդամ չհանդիսացող երկրներից:
Լայն սպառման մթերքներից կթանկանան, օրինակ՝ թռչնամիսը, կաթը, կարագը, ձեթը, թեյը, որոնք ներկրվում են ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը հավաստիացրել է, որ թանկացումներն էական չեն լինելու:
«Մաքսատուրքերի բարձարցումը կկազմի 1- 2% -ի կարգի: 2017 թվականի հետ համեմատած մոտ 4%-ով կթանկանա թռչնամսինը: Ձեթի թանկացումը կլինի մինչև 2 %»,-ասել է Ազիզյանը:
Նա նաև նշել է, որ ԵՏՄ-ին միանալու պայմանագրով Հայաստանը մոտ 900 ապրանքների մասով ժամանակ էր վերցրել՝ մաքսային դրույքաչափերն աստիճանաբար ( մինչև 2024 թվականը) ԵՏՄ չափանիշներին համապատասխանեցնելու համար:
Հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն 40 անուն ապրանքատեսակների վերաբերող նոր դրույքաչափերը, ինչն էլ ենթադրում է դրանց թանկացում։ Նպատակը, ըստ փոխնախարարի, Եվրասիական շուկայում ներքին առևտրի խթանումն ու տեղական արտադրողների խրախուսումն է։
«Այսինքն, հավասար դաշտ են բերվում, որտեղ տեղական արտադրողն արդեն կարողանում է իրացնել իր ապրանքը, ինչն էլ ենթադրում է և՛ աշխատատեղեր, և՛ լրացուցիչ հնարավորություններ»,- նշել է նա:
Փոխնախարարը խոստովանում է, որ այդ կերպ, օրինակ, ներկրվող էժան թռչնամսի գինը կհասնի տեղական արտադրանքի գնին, բայց նաև պնդում է, որ սա տեղական արտադրողների համար նոր արտադրություններ հիմնելու և պահանջարկը բավարարելու հնարավորություն է:
Նրա խոսքով, չի բացառվում նաև, որ վաճառքի ծավալների մեծացման հաշվին տեղական արտադրանքն էժանանա։
Խոսելով վերջերս գրեթե 40%-ով թանկացած կարագի մասին, փոխնախարարը նշել է, որ քանի որ Հայաստանում այն այդքան էլ շատ չեն արտադրում, կարելի է լայնորեն օգտագործվող նորզելանդական կարագի փոխարեն օգտագործել ռուսական կարագ, քանի որ ԵՏՄ անդամ Ռուսաստանից ներկրվող կարագի մաքսային դրույքաչափերը չեն բարձրանալու։
Մաքսային դրույքաչափերի մոտ 90%-ը, որ պետք է փոփոխվի մինչ 2024 թվականը, ենթադրում է գնի բարձրացում:
Իսկ 2020 թվականից, միջինը 5%-ով կբարձրանա մեքենաների մաքսազերծման գինը։ Ինչ վերաբերվում է գնաճին, ապա փոխնախարարի խոսքով այն բարձր չի լինի: Հարցին, թե ինչպե՞ս են պատրաստվում մեղմել գնաճը, Ազիզյանը պատասխանեց, որ նոր աշխատատեղեր են ստեղծելու տեղական արտադրանքը խթանելու ճանապարհով։ «Արդյունքում բնակչությունն աշխատանքի տեղավորվելու ավելի մեծ հնարավորություններ, եկամուտ, հետևաբար, նաև ապրանքներ սպառելու ավելի մեծ հնարավորություն կունենա»,- պարզաբանել է նա:
Սակայն, տնտեսագետ Արտակ Մանուկյանի կարծիքով, սա տեղական արտադրանքը խթանելու կեղծ ձև է և ապագա չունի։
«Այո, հայրենական արտադրողներին հարկավոր է խթանել, բայց դրա համար կան բավական շատ անուղղակի գործիքներ՝ ճկուն վարկեր, գրավադրման ավելի լավ պայմաններ և այլն»,- ասել է Մանուկյանը:
Խոսելով սպասվող գնաճի մասին տնտեսագետն ասաց, որ բացի ԵՏՄ շրջանակներում մաքսային դրույքաչափերի բարձրացման հետևանքով սպասվող գնաճից, 2018 թվականից ԵՏՄ երկրներում բարձրանալու են նաև ակցիզային դրույքաչափերը, ինչն էլ կհանգեցնի ծխախոտի, օղու և վառելիքի թանկացման։
Եկող տարվանից ուժի մեջ են մտնելու նաև Հարկային օրենսգիրքի մի շարք դրույթներ, ինչը, Մանուկյանի խոսքով, նույնպես գնային ճնշման կհանգեցնի:
Չնայած այդ ամենին, տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը վստահեցնում է, որ մաքսային դրույքաչափերի բարձրացումը լայն սպառման ապրանքների գների վրա էական ազդեցություն չի ունենա։ Նրա խոսքերով, ընդհանուր առմամբ գները կբարձրանան 1- 2%-ով: