Բավ է պառակտվել
15-06-2016 13:14

Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան կէժանանա 2.58 դրամով

Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար կնվազի 2.58 դրամով՝ 48.78 դրամից կազմելով 46.2 դրամ: Այս մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի էլեկտրաէներգիան սպառողների համար թանկացավ 6.9 դրամով, և հանձնաժողովը դա հիմավորեց ՀԷՑ-ում առաջացած ճգնաժամով:

Մինչ այդ այսօր ժամը 16-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում աշխատանքային քննարկում է նախատեսված սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ:

Ըստ Բաղրամյանի՝ աշխատանքային քննարկումից հետո, ամփոփելով արդյունքները, հարցը կներկայացվի հանձնաժողովի նիստին, որը տեղի կունենա հունիսի 24-ին:

Tert.am-ի հարցին, թե եթե իջեցման հնարավորություն կար, ինչո՞ւ անցյալ տարի էլեկտրաէներգիայի թանկացման ժամանակ դա հաշվի չէր առնվել, հանձնաժողովի ներկայացուցիչն ասաց. «Անցյալ տարի հաշվի են առնվել այն ժամանակ առաջացած գործոնները: էլեկտրաէներգիայի թանկացման ամենամեծ գործոնը ՀԷՑ-ում միանվագ փոխհատուցման գումարը, արտադրության կառուցվածքի շեղումով պայմանավորված ՀԷՑ-ը վնասով էր աշխատում: Քանի որ նախատեսված 1 տարին լրանում է, այդ գումարը հաշվարկներից դուրս է գալիս»:

Tert.am–ի հստակեցնող հարցին, թե 2.58 դրա՞մ էր այդ գործոնը, Բաղրամյանը պատասխանեց. «Ոչ, այդ գործոնով մոտ 5 դրամ պետք է նվազեր, արտադրող կայանների և ծառայություն մատուցողների մասով մոտ 2.7 դրամ է նվազել»:

Ի պատասխան հարցի, թե կարելի՞ է ասել, որ ՀԷՑ-ի ճգնաժամը լուծվեց, Գարեգին Բաղրամյանն ասաց, որ միայն ՀԷՑ-ով չէր պայմանավորված ճգնաժամը, իսկ ՀԷՑ-ը արդեն օգուտով է աշխատում:

«Եթե մենք անցյալ տարի էլեկտրաէներգիայի գինը ավելացրեցինք 6.9 դրամով, դրա մեջ 5 դրամը 23.4 մլրդ դրամ վնասի փոխհատուցման գումարն էր: Հիմա այդ գումարը հանվում է»,-ասաց ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետը:

Հիշեցնենք, որ գազի սակագինը սպառողների համար հուլիսի 1-ից կէժանանա 9.3 դրամով՝ կազմելով 46.7 դրամ: