18-09-2014 13:49

Ռուբլու արժեզրկումը բացասաբար կազդի Հայաստանի տնտեսության վրա. տնտեսագետներ

Ռուսաստանի տնտեսական ներքին իրավիճակի, ռուսական ռուբլու անկման և Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր հետևանքների վերաբերյալ Tert.am-ի հետ զրույցում տնտեսագետներ Վարդան Բոստանջյանը և Զոյա Թադևոսյանը գնահատականներ հնչեցնելիս ասացին, որ ռուսական ռուբլու արժեզրկումը միանշանակ իր բացասական ազդեցությունն ունենալու է Հայաստանի տնտեսության վրա:
«Հայաստանի հետ հարաբերություններում ազդեցություններից մեկը կլինի տրանսֆերտների կրճատումը»,-ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանը:
«Վերջին ամիսներին Ռուսաստանի ներմուծման ծավալներն աճի ավելի բարձր տեմպեր ունեն, քան արտահանումն է, հետևաբար, առայժմ բացասական առումով որևէ տեղաշարժ գրանցված չէ, բայց առաջիկա ամիսների ընթացքում հաստատ կլինի, որովհետև Ռուսաստանում ռուբլու արժեզրկումը կտանի ներքին սպառողական ապրանքների գների աճին»,-ասաց տնտեսագետը:
Իր ասածը Զոյա Թադևոսյանը բացատրեց հետևյալ հանգամանքով. այն պահանջարկը, որը բավարարվում էր ներմուծման հաշվին, այժմ կառաջացնի չբավարարված պահանջարկի միջավայր, հետևաբար, առաջարկի մեծ լինելը պահանջարկի հանդեպ՝ կտանի գների աճին:
«Գների աճն էլ կազդի սպառողական ապրանքների վրա, ինչի արդյունքում բնակչության իրական աշխատավարձի մակարդակը կընկնի, դա էլ կնշանակի, որ ավելի քիչ միջոցներ կարող են առանձնացվել տրանսֆերտների ձևով հայրենիք ուղարկելու համար»,- կանխատեսեց Զոյա Թադևոսյանը:
Բացի դրանից, ըստ մեր զրուցակցի, Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է, հետևաբար, այդ գնաճը կտանի նաև ռուսական արտահանման աճի, ինչը բացասական ազդեցություն կունենա հայկական շուկայի վրա, քանի որ գնաճն անմիջականորեն կարտացոլվի նաև ներքին իրավիճակում:«Դրա ազդեցությունները հաստատ կլինեն բացասական, որովհետև մեր տնտեսությունները խիստ կապված են և այդ փոփոխությունների ազդեցությունը մենք կզգանք»,- եզրակացրեց տիկին Թադևոսյանը:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ևս կանխատեսեց, որ ռուսական ռուբլու արժեզրկումն անմիջականորեն իր ազդեցությունը կունենա տրանսֆերտների վրա«Ռուբլու արժեզրկումով պայմանավորված մեր տնտեսական վիճակն ավելի կվատանա, որը պայմանավորված կլինի երկու հանգամանքով»,-ասաց Վարդան Բոստանջյանը՝ մանրամասնելով. «Մեկը պայմանավորված կլինի մասնավոր տրանսֆերտների ձևով, մյուսն էլ բոլոր այն գործունեության ոլորտներով, որոնք հայկական տնտեսությունն իրականացնում է ռուբլու տիրույթում»:
Վարդան Բոստանջյանի խոսքով՝ մենք կունենանք կորուստներ՝ պայմանավորված բոլոր այն ֆիզիկական անձանցով, ովքեր գտնվելով ռուսական տիրույթում, աշխատելով ռուս գործարարների մոտ, տրանսֆերտներ էին ուղարկում Հայաստան:
«Բնականաբար, վերջիններիս եկամուտը պետք է փոքրանա, դրանով էլ պայմանավորված կփոքրանա նաև մասնավոր տրանսֆերտների չափը: Փաստորեն, մեզ համար ոչ ցանկալի, զանազան երևույթներով պայմանավորված տրանսֆերտների ծավալը փոքրացել է: Այս մասին հաղորդել են նաև պաշտոնական տեղեկատվական ծառայությունները»,-ասաց Վարդան Բոստանջյանը: