Բավ է պառակտվել
11-03-2017 15:52

ԵԱՏՄ երկրներ արտահանման ավելացումն օգնեց տնտեսական աճ գրանցել ՀՀ-ում. ԵԶԲ գլխավոր տնտեսագետ

ԵԱՏՄ երկրներ արտահանման աճը թույլ տվեց, որ Հայաստանը 2016թ. տնտեսական աճ գրանցի, այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել է Զարգացման Եվրասիական բանկի (ԵԶԲ) գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկը:
«Եթե դիտարկենք կոնկրետ Հայաստանը, ապա հույսեր կան, որ եվրասիական ինտեգրացում տեղի կունենա, այդ թվում նաև առևտրային ոլորտում, որը առանցքայիններից մեկն է: Կարևոր է նաև, թե ինչպես է ԵԱՏՄ անդամ երկրների միջև զարգանում ներդրումային ոլորտը»,- ասել է Լիսովոլիկը՝ «Վալդայ» Միջազգային բանավեճային ակումբի նստաշրջանի շրջանակներում:
Միևնույն ժամանակ Հայաստանում իրավիճակը նրա գնահատմամբ ավելի դրական է , քան ԵԱՏՄ անդամ այլ երկրներից շատերում:
« Ընդգծեմ, որ 2016 թ. ընթացքում Հայաստանում արտահանման աճ է գրանցվել դեպի ԵԱՏՄ երկրներ, այդ թվում նաև Ռուսաստան: Դա դրական գործոն է, որը թույլ է տվել, որ հայկական տնտեսությունը աճ գրանցի»,- ասել է Լիսովոլիկը և հիշեցրել, որ հայկական տնտեսությունը բախվում է բազմաթիվ մարտահրավերների մի շարք պարամետրերով, մասնավորապես, դա դրամական փոխանցումների ծավալների նվազումն է:
« Առայժմ ես բացթողումներ եմ տեսնում ներդրումային ոլորտում, ինչը կարող էր ազդել նաև արտաքին առևտրի հնարավորությունների վրա»,- ասել է Լիսովոլիկը:
Ինչ վերաբերվում է ԵԱՏՄ հնարավորությունների ընդլայնմանը, ապա նա հայտնել է, որ աշխատանք է տարվում Չինաստանի հետ, սակայն, արմատական փոփոխությունների սպասել չարժե:
2016թ. ընթացքում Հայաստանում տնտեսական աճը կազմել է 0,2%՝ այնինչ պետբյուջեով նախատեսված էր 2,2%:
2017թ. նպատակադրվել է ապահովել 3,2% տնտեսական աճի մակարդակ: