11-10-2016 09:45

Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնագիր են կնքել «Թուրքական հոսքի» վերաբերյալ

Ռուսաստանի և Թուրքիայի էներգետիկայի նախարարները միջկառավարական համաձայնագիր են ստորագրել «Թուրքական հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ: 

Ինչպես նշվում է, համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել Ստամբուլում, որտեղ ավելի վաղ բանակցություններ էին ընթացել երկու երկրների նախագահների միջև: Հիշեցնենք, որ երկու կողմն էլ նախագծի իրականացման գաղափարին դրական գնահատական էր տվել:

«Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերն ավելի վաղ հայտարարել էր, որ համաձայնագիրը կենթադրի Սև ծովի հատակով անցնող գազատարի երկու գծի կառուցումը, որոնցից յուրաքանչյուրը կունենա տարեկան 15.75 մլրդ խորանարդ մետր գազ մատակարարելու հզորություն: Գազատարի կառուցումն ավարտել նախատեսվում է 2019-ի վերջին: