Բավ է պառակտվել
18-01-2016 13:41

Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցնում է այլ երկրներին վարկերի տրամադրումը

Ռուսաստանը բյուջետային սահմանափակումների պայմաններում ընթացիկ տարում ստիպված է լինելու դադարեցնել օտարերկրյա վարկառուներին նոր վարկերի տրամադրումը, սակայն առավել վաղ ստանձնած պարտավորություններն իրականացնելու է: Այս մասին  հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը:
«Ներկայումս ես գտնում եմ, որ նոր վարկեր տրամադրելու վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորությունները կառավարության մոտ քիչ են: Բյուջեն լարված է, առավել քան լարված: Ես կարծում եմ, որ օբյեկտիվորեն գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ ստիպված ենք ընդմիջում վերցնել նոր վարկերի տրամադրման պարտավորություններ ստանձնելու տեսանկյունից», - ասել է փոխնախարարը:
Նրա խոսքով` օտարերկրյա վարկառուների առջև նոր վարկերի տրամադրման պարտավորություններ ստանձնելը կարող է ուղեկցվել բարձր ռիսկերով և այդ պարտավորությունները ապագայում իրականացնելու ռիսկերով:
«Մենք նախորդ տարի բավական շատ վարկային համաձայնագրեր ենք կնքել: Մենք խոշոր պարտավորություններ ենք ստանձնել: Իսկ վարկեր տրամադրելու մասով ստանձնած պարտավորությունները չիրականացնելն առավել անպատվաբեր է, քան ներգրավված վարկերի գծով պարտավորությունները չիրականացնելը», - ասել է պաշտոնյան:
Ստորչակը նաև նշել է, որ Իրանին 5 մլրդ դոլար վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ, իսկ բանակցություններն ընթանում են: