Բավ է պառակտվել
16-07-2015 11:22

Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիաչվերթների աշխարհագրությունը կարող է ընդլայնվել. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի փոխարտգործնախար Գրիգորի Կարասինը և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Պրահայում ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվել են այն հարցում, որ երկու երկրների միջև չվերթների աշխարհագրությունը ընդլայնվի՝ կախված տրանսպորտային ծառայությունների պահանջարկից։ Այս մասին հաղորդվում է է ՌԴ ԱԳՆ-ի կայքում։ ՌԴ ԱԳՆ-ն հաղորդել է, որ Կարասինի ու Աբաշիձեի 10-րդ հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի տրանսպորտի նախարարի օգնական Յուրի Պետրովն ու Վրաստանի Ցամաքային տրանսպորտի գործակալության ղեկավար Միխայիլ Խմալաձեն։ Հաղորդագրության մեջ ասվում է. «Կողմերը ողջունել են ապրիլին մեր երկրների միջև կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնման մասին տևական բանակցությունների ավարտը։ Թռիչքներն արդեն իսկ իրականացվում են ռուսական Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սամարա, Եկատերինբուրգ և վրացական Թբիլիսի, Բաթում, Քութաիս քաղաքների միջև։ Թռիչքների աշխարհագրությունը հետագայում գնալով կընդլայնվի՝ կախված տրանսպորտային ծառայությունների պահանջարկից»։ Ռուսական կողմը հաստատել է, որ պատրաստ է նաև հետագայում ընդլայնել Վրաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը, որոնք Ռուսաստան են մեկնում մասնավոր ու ընտանեկան հարցերով, ինչպես նաև մարդասիրական, մշակութային, մարզական ու գործարար շրջանակներում։ ՌԴ ԱԳՆ-ը հայտնել է, որ Կարասինն ու Աբաշիձեն քննարկել են նաև Վրաստանի ու Հարավային Օսիայի վարչական սահմանին տեղի ունեցած վերջին փոփոխությունները։ Ռուսական կողմը հայտարարել է, որ Վրաստանն այդօրինակ հարցերը պետք է քննարկի Հարավային Օսիայի հետ։ Կարասինն իր հերթին հայտարարել է, որ վրացական կողմի հետ քննարկել է մեկուկես տասնյակ ուղղություններ։