12-09-2014 13:51

ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցներից Հայաստանը պետք է օգտվի

ԱՄՆ-ի եւ Եվրամիության` Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներից պետք է Հայաստանն օգտվի եւ տարբեր ապրանքներ ներմուծի ՌԴ` որպես հայկական արտադրանք: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանը:
Նա նշեց,թե վստահ է, որ ամերիկյան պատժամիջոցները ազդելու են նաեւ Հայաստանի վրա, սակայն դրանից կարելի է օգուտ քաղել:
՛՛Այսինքն կարող ենք միջնորդ երկիր հանդիսանալ. ամերիկյան եւ եվրոպական ապրանքը մտցնել Ռուսաստան` որպես հայկական ապրանք, օրինակ` բանանը ներկայացնենք` որպես հայկական արտադրանք: Չնայած ապրանքային սանկցիաներից ավելի լուրջ են գազի, նավթի իջեցումը՛՛,- ասաց նա: Սեդրակյանը կարծում է, որ պատժամիջոցները ծանր վիճակում են դնելու նաեւ Հայաստանին, եթե մենք միանանք Եվրասիական տնտեսական միությանը:
Լրագրողների հարցին, թե կարող է Հայաստանը դուրս գալ ՌԴ ազդեցությունից, Անուշ Սեդրակյանը պատասխանեց, որ դա կապված է ԵՏՄ-ից.
՛՛Մենք ունենք մոնոէթնիկ կրոնական ժողովուրդ, որը կարող է լավ գործընկեր լինել Արեւմուտքին, նրանք ոչ այնքան փորձելու են պոկել մեզ Ռուսաստանից, այլ որպես գործոն ոչնչացնելը: Մենք կանգնում ենք այն փաստի առջեւ, որ աշխարհագրական բարենպաստ դիրքի շնորհիվ կարող ենք օգուտներ եւ բոնուսներ շահել, պարզապես պետք է փորձենք չպոկվել քաղաքակիրթ երկրից՛՛: Նշենք, որ նախատեսվում է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը կստորագրի ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը: