Բավ է պառակտվել
14-03-2015 14:00

Հայաստանը հնարավոր է համարում ԵՄ-ի հետ ազատ առեւտրի պայմանագրի կնքումը

Հայաստանը հնարավոր է համարում ԵՄ-ի հետ ազատ առեւտրի պայմանագրի կնքումը, եթե ոչ այսօր, ապա ավելի ուշ: Այս մասին հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հարցին, թե ԵՏՄ-ի վերջնարդյունքը պետք է լինի ազատ առեւտրի պայմանագիրը ԵՄ-ի հե՞տ, արդյոք մոտ ապագայում տեսնում եք նման հեռանկար` հաշվի առնելով Ռուսաստանի եւ ԵՄ միջեւ առկա քաղաքական տարաձայնությունները, Նալբանդյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ դա հնարավոր է միգուցե ոչ այսօր կամ վաղը, բայց, ավելի ուշ` վստահաբար, որովհետեւ դա բխում է այս ընդարձակ տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից: Ընդհանուր անվտանգության եւ տնտեսական տարածքի, Լիսաբոնից Վլադիվոստոկ ազատ առեւտրի գոտու գաղափարը նոր չէ, այն հնչեցվել է տարբեր մայրաքաղաքներում: Կարծում եմ՝ բոլորիս ընդհանուր շահերից է բխում այդ գաղափարի իրականացումը»: Անդրադառնալով տարածաշրջանում ռազմականացման սպառնալիքին, Նալբանդյանը նշել է. «Տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը սպառնացող գլխավոր վտանգը Ադրբեջանն է. պետություն, որ տասը տարիների ընթացքում իր ռազմական բյուջեն 163 մլն ԱՄՆ դոլարից հասցրել է գրեթե 5 մլրդ ԱՄՆ դոլարի, երկիր, որը սպառնում է ուժ կիրառել, պետություն, որ շարունակաբար հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, ատելության քարոզչությամբ: Սա է իրական սպառնալիքը: Եվ մենք պետք է մտածենք` ինչպես արձագանքել այս վտանգին եւ փորձել խաղաղ եւ բանակցված լուծումներ գտնել տարածաշրջանում առկա խնդիրներին»: