Բավ է պառակտվել
30-04-2015 14:30

ՀՀի և ԱՄՆ-ի միջև կկնքվի առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագիր

Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարութունների միջև կկնքվի առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագիր, որը մշակվել է Հայաստանի և Ամերիկայի միջև ներդրումային և գործարար նախաձեռնությունների ակտիվացման ու առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով: Այս մասին որոշման նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Ինչպես նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, համաձայնագրի շուրջ բանակցությունները շատ երկար են տևել: Համաձայնագիրը հանդիսանում է ԱՄՆ-ի կողմից այլ երկրների հետ կնքված տիպային փաստաթուղթ: Փաստաթղթով նախատեսվում է ստեղծել Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որը կնախագահեն հայկական կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ամերիկյան կողմից ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի գրասենյակը: Համատեղ խորհրդի նպատակներն են` երկու կողմերի առևտրային և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը և հնարավոր խոչընդոտների բացահայտումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մտավոր սեփականությունը, գործարար միջավայրը, աշխատողների իրավունքները, ինչպես նաև հարցեր, որոնք ներառված չեն երկրների միջև կնքված ներդրումային համաձայնագրում: