Բավ է պառակտվել
12-03-2015 09:46

ՀՀ-ն ու Քուվեյթը կհամագործակցեն զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում

Շարունակվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Քուվեյթի Պետություն: ՀՀ կառավարության ղեկավարն առանձնազրույց է ունեցել Քուվեյթի իր գործընկերոջ՝ վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահի հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Քուվեյթի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին իր հրավերն ընդունելու և Քուվեյթ պաշտոնական այց կատարելու համար և համոզմունք հայտնել, որ Հովիկ Աբրահամյանի այցը նոր լիցք կհաղորդի տնտեսական բնագավառում կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:
Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Քուվեյթի վարչապետին հրավերի համար և վստահություն հայտնել, որ այս այցը լավագույնս կծառայի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերն առավել ամրապնդելու ու տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցությանը նոր թափ հաղորդելու համար: Զրուցակիցները կարևորել են տնտեսական բնագավառում համագործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը: Այդ համատեքստում առանձնակի կարևորվել է հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը:
Հովիկ Աբրահամյանը և Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում` արդյունաբերության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության և այլ ոլորտներում հնարավոր երկկողմ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև ուղիղ չվերթների կազմակերպման հնարավորությանը, ինչը կխթանի երկկողմ կապերի խորացմանն ու ընդլայնմանը:
Հայաստանի վարչապետը Քուվեյթի իր գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, որը սիրով ընդունվել է:
Հանդիպումից հետո Հովիկ Աբրահամյանի և Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության կառավարությունների միջև ստորագրվել են զբոսաշրջության և գյուղատնտեսության բնագավառներում 2015-2017 թթ. համագործակցության գործնական ծրագրեր: Հայկական կողմից փաստաթղթերն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, քուվեյթյան կողմից՝ Առևտրի եւ արդյունաբերության նախարար Աբդուլմոհսեն Ալ-Մեդեիջը և Քուվեյթի վարչապետի առաջին տեղակալ, Արտաքին գործերի նախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սաբահը: