Բավ է պառակտվել
16-04-2015 11:46

Հայաստանը պատրաստ է ԵՏՄ պարտավորությունների իրականացմանը.ԱԺ նախագահ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովին: ՀՀ Ազգային ժողովի նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է նմանատիպ միջոցառումների անցկացումը. դրանք թույլ են տալիս ուրվագծել ինտեգրման զարգացման հեռանկարները, ինչպես նաև քննարկել այն հրատապ հարցերը, որոնց մասնակից երկրներն առնչվում են գրեթե ամեն օր: Նա կարևորել է նաև առկա մարտահրավերների համար համատեղ լուծումներ փնտրելու և գտնելու հնարավորությունը: Խոսելով Եվրասիական տնտեսական միության մասին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այն մեծ հնարավորություններ է ընձեռում առևտրատնտեսական ոլորտում միջպետական համագործակցության խորացման համար: ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը, միանալով Եվրասիական տնտեսական միությանը, դարձավ մոտ 170 միլիոնանոց շուկայի մի մասը: Այս փաստը ներդրումների համար մեր երկրները դարձնում է գրավիչ: Գալուստ Սահակյանն իր ելույթում նշել է նաև, որ ԵՏՄ կարևորագույն ձեռքբերումներից է մաքսային արգելքների վերացումը, ինչը տնտեսվարողներին հնարավորություն է տալիս նվազեցնելու ֆինանսական ծախսերը և առևտրային գործառույթների ժամկետները: Նա նշել է, որ պետք է ջանալ, որպեսզի եվրասիական ընդհանուր շուկան գործի ունիվերսալ, թափանցիկ և հասկանալի օրենսդրությամբ: «Մեր կարծիքով շատ կարևոր է ապահովել ինտեգրացիոն միության թափանցիկությունը: Անկասկած, եվրասիական ինտեգրման գործընթացի հաջող և արդյունավետ զարգացման հիմնական պայմաններից մեկը համապատասխան իրավական դաշտի ստեղծումն է: Այս համատեքստում մեր երկրների խորհրդարանների հիմնական խնդիրը, կարծում եմ, տնտեսական համագործակցության գործընթացներին չմիջամտելն է: Մենք կարող ենք իրավական դաշտում վերացնել հնարավոր բացթողումները, ինչպես նաև բարելավել օրենսդրությունը՝ այն համահունչ դարձնելով միջազգային լավագույն փորձին: Դրա նպատակն է մեր երկրների կառավարությունների կողմից Եվրասիական տնտեսական միության գաղափարների իրականացումը»,- նշել է Գալուստ Սահակյանը: