18-09-2014 12:45

Քո կարծիքն էնքան էլ կարևոր չի. Հովիկ Աբրահամյանը նախարարի տեղակալին

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Կապի և տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացրեց նախագիծ, որի համաձայն այն բեռանփոխադրողները, ովքեր սահմանված բեռների չափից՝ 40 տոննայից ավելի բեռ կտեղափոխեն և որը հնարավոր չի լինի մասնատել, որպես պետական տուրք կվճարեն 10 հազար դրամ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդհատեց նրան ու հետաքրքրվեց, թե ինչու է հավելյալ տուրք սահմանվում, որից հետո փոխնախարարը պատասխանեց, թե չի կարծում, որ դա կծանրաբեռնի բեռնափոխադրողներին, քանի որ նման դեպքեր եզակի են լինում: Ասվածին Հովիկ Աբրահամյանն արձագանքեց.
«Քո կարծիքը էնքան էլ կարևոր չի: 10 հազարը ինչի՞ համար ենք սահմանում»:
Արթուր Առաքելյանը բացատրեց, որ 10 հազար դրամ տուրքը կսահմանվի այն դեպքերի համար, երբ մեծ բեռները հնարավոր չի լինի մասնատել, որից հետո միայն տեղափոխել:
Վարչապետը հետաքրքրվեց, թե ինչ հիմքով է որոշած գումարի չափը, ինչին ի պատասխան Արթուր Առաքելյանն ասաց, թե ուսումնասիրել են միջազգային փորձը, ինչպես նաև հարևան երկրների փորձը և Հայաստանում ավելի ցածր արժեքով տուրք սահմանել:
«Եթե բյուջե լրացնելու խնդիր ունենք, եկեք քսան հազար սահմանենք: Սա կարող է բացասական ազդեցություն ունենալ ու պետք է քննարկել՝ տված օգո՞ւտն է շատ լինելու, թե՞ վնասը»,-ասաց նա: