Բավ է պառակտվել
02-03-2016 14:33

Պուտինը հանձնարարել է շարունակել նավթի արդյունահանման ծավալների սառեցումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է շարունակել աշխատանքը խոշորագույն նավթարդյունահանող երկրների հետ, քանի որ ոչ բոլորն են բացատրել իրենց հայացքները նավթի արդյունահանման ծավալների սառեցման գաղափարի վերաբերյալ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հարկավոր է դեռ շարունակել աշխատանքը մյուս խոշոր արտադրողների հետ, նկատի ունեմ երկրները, քանի որ պահպանվում է անորոշությունը մի շարք արտադրող երկրների շարքում»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Պուտինի ու նավթային ոլորտի արտադրողների հետ խորհրդակցության վերաբերյալ հարցին:

«Կան երկրներ, որոնք դեռ չեն բացատրել իրենց հայացքներն այդ գաղափարի վերաբերյալ»,- ասել է նա:

Պեսկովի խոսքով՝ Պուտինը խորհրդակցության ընթացքում հստակ հայտնել է իր դիրքորոշումը ՌԴ էներգետիկայի նախարարության առաջարկի վերաբերյալ, այն է՝ պահպանել նավթարդյունահանման ծավալը 2016թ. հունվարի մակարդակում:

Ռուսական նավթային ընկերությունները հանդիպումից հետո հայտարարել են, որ համամիտ են արդյունահանման ծավալների սառեցման նախաձեռնության հետ:

ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ ավելի քան 15 երկիր հրապարակավ հաստատել է պատրաստակամությունը՝ սառեցնել նավթարդյունահանումն այս տարվա հունվարի մակարդակում: