Բավ է պառակտվել
10-03-2015 15:17

Պուտինը հանձնարարել է ուսումնասիրել ԵՏՄ-ում արժութային միության ստեղծման հնարավորությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Ռուսաստանի բանկին և կառավարությանը «որոշել Եվրասիական տնտեսական միության շրջանակում արժութային և ֆինանսական ոլորտներում ինտեգրման հետագա ուղղությունները՝ ուսումնասիրելով ապագայում արժութային միության ստեղծման նպատակահարմարությունն ու հնարավորությունը»: 
Այդ հանձնարարությունը պետք է իրականացվի ԵՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի հետ համատեղ մինչ 2015 թվականի սեպտեմբերի 1-ը: Այդ մասին ասված է Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, գրում է ТАСС-ը: 
Պուտինի հանձնարարությունների շարքում է նաև ԵՏՄ-ի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործընկերների հետ համագործակցությամբ ապահովել ռուսական նախարարությունների և գերատեսչությունների լիարժեք մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով նախատեսված ապրանքների և ծառայությունների միասնական շուկաների ձևավորմանը, ինչպես նաև պայմանագրով նախատեսված համաձայնեցված քաղաքականության իրականացմանը: Կառավարությունն այդ կետի վերաբերյալ առաջին զեկույցը պետք է ներկայացնի մինչև հունիսի 1-ը: 
Նախագահը նաև մինչև հունիսի 1-ը հանձնարարել է կառավարությանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցության կատարելագործված մեխանիզմ մշակել։