Բավ է պառակտվել
26-12-2014 20:24

ՀՀ-ն ունի բավարար պահուստներ՝ ֆինանսական կայունության համար. ՀՀ նախագահ

Հայաստանում այսօր կան բոլոր հնարավորությունները՝ առկա խնդիրները լուծելու և ֆինանսական կայունությունը պահպանելու համար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ կենտրոնական բանկում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության նախագահը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է Կենտրոնական բանկի և բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին, մաղթել առողջություն, հաջողություններ, երջանկություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն: Նախագահն իր շնորհավորական խոսքում անդրադարձել է նաև արժութային շուկայում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին, տնտեսության վրա դրանց ազդեցությանը, այդ ընթացքում հաջողությամբ ձեռնարկված միջոցառումներին և առաջիկա ծրագրերին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ունի բավականաչափ պահուստներ, կամք և ցանկություն, որպեսզի երկրում ֆինանսական անկայունություն չլինի: Հանրապետության նախագահը կարևորել է դժվարին իրավիճակներում միասնական ուժերով առկա մարտահրավերներին դիմակայելը՝ հիշեցնելով նախորդ ճգնաժամի ժամանակ ՀՀ բանկային համակարգի արդյունավետ և հաջող գործունեությունը, այն դեպքում, երբ այդ նույն ժամանակ մի շարք այլ երկրների բանկային համակարգերում մեծ խնդիրներ առաջացան: