Բավ է պառակտվել
30-11-2016 16:24

Նախագահն ընդունել է ԵՏՄ մաքսային ծառայությունների պատվիրակությունների ղեկավարներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունների ղեկավարներին, ովքեր Հայաստան են ժամանել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 21-րդ նիստին մասնակցելու նպատակով:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրերին եւ կարեւորել Ծաղկաձորում այսօր անցկացված կոլեգիայի նիստը: Ընդգծելով, որ մաքսային ծառայություններն այն կարեւոր կառույցներն են, որոնց հետ ամեն օր շփվում են Մաքսային միության անդամ պետությունների տնտեսվարող սուբյեկտները, Սերժ Սարգսյանը նշել է, որ նրանց աշխատանքի եւ համագործակցության որակից է նաեւ ձեւավորվում ԵՏՄ-ի վերաբերյալ տպավորությունը, այդ կառույցների գործունեությունից է զգալիորեն կախված ցանկացած երկրի գործարար միջավայրի բարելավումը, միասնական տնտեսական տարածքում ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի շուկայի ձեւավորումն ու զարգացումը:

ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ ծաղկաձորյան նիստում քննարկված արդիական հարցերն ու կայացված որոշումները կնպաստեն վերոնշյալ խնդիրների լուծումն առաջ մղելուն եւ այն նպատակների իրագործմանը, որ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում իրենց առջեւ դրել են Միության անդամ պետությունները:

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունների ղեկավարները նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են միավորված կոլեգիայի 21-րդ նիստի արդյունքները եւ շնորհակալություն հայտնել հայ գործընկերներին՝ նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Նրանք ընդգծել են, որ ցանկացած միություն առաջին հերթին հիմնված է փոխադարձ վստահության վրա, եւ Մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի աշխատանքը նպատակաուղղված է այդ վստահությունն ամենօրյա սերտ փոխգործակցությամբ ամրապնդելուն: Հանդիպման մասնակիցները ՀՀ Նախագահին ներկայացրել են նաեւ ԵՏՄ մաքսային օրենսդրության կատարելագործման նպատակով Մաքսային նոր օրենսգրքի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, մաքսային ծառայությունների ներկայիս խնդիրներն ու մարտահրավերները, զարգացման հեռանկարը: