Բավ է պառակտվել
17-04-2015 08:23

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն  ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ներկայիս մակարդակին և զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր: Ընդգծելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական դաշնակցային գործընկերությունը բոլոր ոլորտներում դինամիկ զարգանում և ամրապնդվում է, Հանրապետության Նախագահը երկկողմ հարաբերություններում մեծապես կարևորել է տնտեսական բաղադրիչը, որտեղ զգալի դեր ունի գազաէներգետիկ ոլորտը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսության առաջատար ընկերություններից մեկի՝ «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով մեր երկրում «Գազպրոմ» ընկերության կողմից իրականացվող գործունեությունը, որն ուղղակիորեն անդրադառնում է նաև տնտեսության այլ ճյուղերի զարգացման վրա: Նկատի առնելով ընկերության աշխատանքը, նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական կապերի զարգացման ու ամրապնդման, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նախագահ Սերժ Սարգսյանը «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին պարգևատրել է Բարեկամության շքանշանով: Ալեքսեյ Միլլերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ բարձր պարգևի և իր ղեկավարած ընկերության գործունեությունը նման գնահատականի արժանացնելու, ինչպես նաև «Գազպրոմը»՝ երեխաներին» ծրագրի շրջանակներում Երևանում կառուցվելիք ուսումնամարզական համալիրի հիմնարկեքին այսօր ներկա գտնվելու համար: Նա վստահեցրել է, որ «Գազպրոմ» ընկերությունն այսուհետ ևս պատրաստ է մեծ պատասխանատվությամբ և նախատեսված ժամկետներում Հայաստանում իրականացնել ընկերության առջև դրված բոլոր խնդիրները՝ այդպիսով նպաստելով հայ-ռուսական միջպետական հարաբերությունների առավել ամրապնդմանը: Հանդիպման ժամանակ Ալեքսեյ Միլլերը Հանրապետության Նախագահին ներկայացրել է մեր երկրում իր ղեկավարած ընկերության ընթացիկ գործունեությունն ու առաջիկա ծրագրերը, որոնցում, ըստ նրա, կարևոր տեղ են զբաղեցնում նաև սոցիալական ծրագրերը: