21-10-2016 13:55

Նախագահը մասնակցել է «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը:

Ինչես news.gisher.ru- ին հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից, ցուցահանդեսի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին եւ հյուրերին ցուցադրել բարձրորակ գյուղատնտեսական եւ պարենային ապրանքի տեսականին:

Ցուցահանդեսին մասնակցում են հանրապետության մարզերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերք վերամշակող արտադրության գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ագրարային ոլորտը սպասարկող եւ ծառայություններ մատուցող շուրջ 90 կազմակերպություն:

Սերժ Սարգսյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ապրանքատեսականուն, ցուցահանդեսի մասնակիցների հետ զրուցել նրանց զարգացման ծրագրերի եւ խնդիրների մասին: