Բավ է պառակտվել
17-09-2016 10:12

ՀՀ նախագահ. «Մեր խնդիրը տնտեսությանը նոր խթան հաղորդելն է»

Այս օրերին Հայաստանում ձևավորվում է նոր կառավարություն, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով ԱՊՀ անդամ երկրների ղեկավարի խորհրդի նիստում, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին երկրի նոր վարչապետ նշանակելու մասին։ Սահմանադրության համաձայն, կառավարությունը ձևավորվում է վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում։

«Մեր առջև դրված խնդիրն է՝ նոր խթան հաղորդել Հայաստանի տնտեսության զարգացմանը, մեծացնել տնտեսական աճի ծավալները, շարունակել մեծացնել հայկական ապրանքների և ծառայությունների արտահանումը»,- ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ ԱՊՀ երկրները գտնվում են պետական կառավարման համակարգի հետևողական ամրապնդման գործընթացում: Հայաստանի համար դա իրավունքի գերակայության ապահովման, կառավարման համակարգի կատարելագործման, տնտեսության զարգացման, դատական համակարգի անկախության բարձրացման, քաղաքացիական հասարակության ամրապնդման, ազատ մամուլի աջակցության ուղին է:

«Այս կառույցների դերի ամրապնդման և արդյունավետության բարձրացման նպատակով մենք անցած տարի անցկացրեցինք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե: Սահմանադրության նոր տարբերակում պահպանվում է իշխանության ճյուղերի իրավունքների և պարտավորությունների միջև հավասարակշռությունը. ապահովված է մարդու իրավունքների և ազատությունների անվտանգության ավելի բարձր մակարդակը, աճում է հասարակական, ստեղծագործական, մասնագիտական և քաղաքական միավորումների դերը: Հայաստանը անցնում է կիսանախագահականից խորհրդարանական կառավարման ձևի»,- նշել է նախագահը:

Սարգսյանն ասել է, որ այս շաբաթ Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում առաջին անգամ խորհրդարանական մեծամասնությունը և ընդդիմությունը քաղաքացիական հասարակության մասնակցությամբ Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու շուրջ հասել են համաձայնության:

Նախագահը հայտնել է, որ կիրառվում են ընտրական գործընթացի հսկողության ավելի թափանցիկ մեխանիզմներ, խստացվում է ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում ապօրինի գործողությունների համար քրեական պատասխանատվությունը: Ներդրվում են ընտրողների նույնականացման և գրանցման թվային համակարգեր:

«Վստահ եմ, որ այս ամենը նպաստելու է ընտրական գործընթացի հանդեպ հասարակական վստահության մակարդակի բարձրացմանը, հնարավորություն է ընձեռելու ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան ազատ և արդար ընտրությունների անցկացում: Արդեն մի քանի ամսից մեզ մոտ տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Հայաստանի Հանրապետությունը կուղարկի համապատասխան հրավերները բոլոր գործընկերներին միջազգային դիտորդական առաքելություններում մասնակցելու նպատակով, այդ թվում՝ ԱՊՀ առաքելության ձևաչափով»,- հայտարարել է ՀՀ նախագահը: