Բավ է պառակտվել
26-11-2014 10:27

Արցախի նախագահը Լոս Անջելեսում հանդիպել է ամերիկահայ գործարարներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել ամերիկահայ մի խումբ գործարարների հետ եւ քննարկել Արցախում տարբեր ներդրումային ծրագրերի հետ կապված հարցեր: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե Արցախի ներդրումային հնարավորությունների մասին համապատասխան տեղեկություններ է ներկայացրել փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Իր խոսքում նախագահ Սահակյանն ընդգծել է, որ արդի ժամանակահատվածում անհրաժեշտ է նոր որակ հաղորդել Սփյուռքի կողմից Արցախում բիզնես ծրագրերի իրականացմանը եւ փոխշահավետ կապերի զարգացմանը, ինչի համար մեր հանրապետությունում ստեղծված են բավականին բարենպաստ պայմաններ: Այս փոխգործակցությունը նախագահը որակել է նաեւ որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք անսասան եռամիասնության արտացոլում, որը ենթակա չէ աշխարհաքաղաքական տարբեր զարգացումների ազդեցությանը: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: