Բավ է պառակտվել
11-05-2015 17:20

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի դերը մեր երկրի տնտեսության զարգացման առանցքային ոլորտներում իրականացվող ծրագրերում և նշել, որ կառավարությունը շահագրգիռ է ավելի ընդլայնել ու զարգացնել երկկողմ արդյունավետ համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև փոխգործակցությունը տարեցտարի ընդլայնվում է, ինչի արդյունքում էլ ներկայում քննարկվում է 2015-2018 թվականների երկկողմ համագործակցության նոր ռազմավարության նախագիծը: Այն կներառի երեք հիմնական ուղղություն՝ մասնավոր հատվածի մրցունակության խթանում, կապիտալ շուկաների զարգացում և տեղական արժույթով ֆինանսավորում, կայուն և առևտրայնացված կոմունալ ծառայությունների զարգացում:
Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի կողմից մեր երկրի ֆինանսական հատվածի զարգացմանը ցուցաբերվող օժանդակությունը և վարկավորման հասանելիության ընդլայնումը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՎԶԵԲ նախագահը շեշտել է, որ վերջին շրջանում նշանակալի առաջընթաց է գրանցվել ՀՀ կառավարության հետ փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Դրա արդյունքում, Սումա Չակրաբարտիի խոսքով, ավելացել են ՀՀ տնտեսության մեջ բանկի ներդրումային ծավալները:
Սումա Չակրաբարտին ընդգծել է նաև, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է շարունակել ու ընդլայնել օժանդակությունը Երևանում և մեր երկրի այլ քաղաքներում էներգախնայողության ապահովման, Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման, ճանապարհաշինության և նոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման համակարգի և հայ-վրացական սահմանի անցման կետերի արդիականացման ծրագրերին, ՀՀ-ում բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ներդրման գաղափարին, ինչպես նաև առաջիկայում Թբիլիսիում կայանալիք ՎԶԵԲ տարեկան ժողովի աշխատանքներին: