Բավ է պառակտվել
02-11-2015 10:46

2016թ-ի պետական բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն. վարչապետ

2016 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում առաջին հերթին դրվել են իրատեսականության և կայունության դրույթները: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2016 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետի խոսքերով՝ 2016 թ-ի պետական բյուջեն ևս ունի հստակ սոցիալական ուղղվածություն, որի մասին վկայում է այն հանգամանքը, որ բյուջետային ծախսերի կեսը կազմում են սոցիալական, կրթական , մշակութային և առողջապահական բնագավառների ծախսերը: «Իսկ պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման ծախսերը նախատեսված են այս ոլորտում մեր կենսունակությունը ամրապնդելու և պահպանելու տրամաբանությամբ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ բացի այդ, ՀՀ կառավարությունը շարունակելու է Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը տրվող ֆինանսական աջակցությունը:  Հ.Աբրահամյանը նշեց, որ հարկաբյուջետային ոլորտի զարգացումները ողջ տարածաշրջանում վկայում են գլոբալ կառուցվածքային փոփոխություններ: «Լարված աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում տնտեսական աճի և հանրային բարեկեցության բոլոր ասպեկտներով անմիջական բարելավումներ խոստանալը ամբոխահաճո, սակայն ոչ ազնիվ մոտեցում է»,-նշեց վարչապետըն ու շարունակեց. «Էներգակիրների գների կտրուկ տատանումներով է պայմանավորված տարադրամային տատանումները Ռուսաստանի Դաշնությունում, որոնք բերեցին տարածաշրջանային երկրներում տրանսֆերտների զգալի անկման: Նման անկումը էապես դանդաղեցրեց տնտեսական աճը՝ միաժամանակ ընդգծելով սոցիալական ծախսերն առավել բարձր արդյունավետությամբ իրականացնելու հրամայականը»: Այս պայմաններում, ըստ նրա, ՀՀ-ում 9 ամիսներին գրանցված շուրջ 3.6% տնտեսական աճը խոսում է այն մասին,արտաքին պայմանների վատթարացման դեպքում միակ ճանապարհը ներդրումների խթանումն է և աշխատեղերի ստեղծումը: «Հարկ է խթանել հայրենական արտադրողին, խրախուսել արտահանումը, ստեղծել կայուն աճի նախադրյալներ: Տնտեսական աճի տեմպերի այսպիսի նվազեցման պայմաններում ՀՀ կառավարության պետական բյուջեի նախագծով նախանշված կառավարման և կառուցվածքային բարեփոխումներին զուգահեռ գործարար միջավայրի համար խիստ կարևոր է հարկաբյուջետային կայունությունը բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմաններ ստեղծելու տեսակետից»,- ավելացրեց Հ.Աբրահամյանը: