Բավ է պառակտվել
04-08-2016 11:49

ՀՀ-ի տնտեսական աճի նոր մոդելի հիմքում արտահանումն է լինելու.Վարչապետ

Հայաստանի տնտեսական աճի նոր մոդելի հիմքում արտահանումն է լինելու: Այս մասին Կառավարության օգոստոսի 4-ի նիստի ժամանակ հայտնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով 2015-ի շոկային իրադարձությունները, անվտանգության սպառնալիքները, արտաքին լոգիստիկայի ոլորտում դժվարությունները, տնտեսական աճի դանդաղումը, գնաճի միտումները սպառնալիք են դարձել տնտեսական աճի հեռանկարների համար: Բայց արդեն 2016-ի առաջին կիսամյակի արդյունքներով նկատելի են որոշակի ձեռքբերումներ: Այսպես, տնտեսական ակտիվության ցուցանիշը հաշվետու ժամանակաշրջանում 2015-ի 1-ին կիսամյակի համեմատ կազմել է 4.8 տոկոս: Նկատվում են նաեւ արտահանման զարգացման քաղաքականության առաջին արդյունքները: Այդ նույն ժամանակահատվածում այն աճել է 8.9 տոկոսով: Արտաքին առեւտրի դեֆիցիտը շարունակում է նվազել, բայց ի տարբերություն 2015-ի, դրա գլխավոր պատճառն է ոչ թե ներմուծման կրճատումը, այլ արտահանման աճը:

«Այդ փոփոխությունները կարող են հիմք դառնալ աճի նոր մոդելի համար: Այդուհանդերձ, ստիպված ենք նշել, որ տնտեսական աճը չի ուղեկցվել բարեկեցության բարձրացումով , մինչդեռ փոփոխությունները պետք է զգա երկրի յուրաաքանչյուր բնակիչ»,- խոստովանել է վարչապետը: Նա բոլոր նախարարներին հանձնարարել է գերատեսչությունների կիսամյակային հաշվետվություննները կազմելիս ներկայացնել ոչ միայն ձեռքբերումները, այլեւ ապագայի ծրագրերը, նաեւ դրանց իրականացմանը հասարակության ներգրավումը ապահովելու հնարավորությունները. «Միայն այդպես մենք կկարողանանք ստեղծել մրցունակ գործնական մթնոլորտ»,- ամփոփել է Աբրահամյանը: