Բավ է պառակտվել
31-12-2014 09:20

Արցախի վարչապետի ուղերձը. 2014 թվականը վայրիվերումների տարի էր հայրենիքի համար

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի եւ Սուրբ ծննդի առթիվ, որում, մասնավորապես, ասված է՝

«Սիրելի՛ հայրենակիցներ,

սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ամանորի եւ Սուրբ ծննդի տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ երկինք, առողջություն եւ ներդաշնակ կյանք: Դարեր ի վեր հայ ժողովուրդը նոր տարին դիմավորել է այնպիսի ավանդույթներով, որոնց հիմքում ընկած են անցյալն ամփոփելն ու արժեվորելը եւ նորի սպասումը: Ա՛րդ, թո՛ղ անցնող տարին իր հետ տանի անհաջողությունները, իսկ հաջողությունները, ուժն ու եռանդը փոխանցի 2015 թվականին:

2014 թվականը վայրիվերումների տարի էր մեր հայրենիքի համար՝ վտանգներով ու հնարավորություններով լեցուն: Սակայն, անկախ հակառակորդի ոտնձգություններից, հայոց աշխարհում շարունակում է թեւածել խաղաղությունը՝ շնորհիվ մեր զինվորի ամրության: Մեկ այլ ձեռքբերում է Արցախում գրանցված շուրջ 9 տոկոս տնտեսական աճը, որն անխուսափելիորեն ազդեցություն ունի ԼՂՀ քաղաքացիների կենսամակարդակի որակի բարձրացման վրա

2015 թվականին եւս նախատեսում ենք պահպանել տնտեսական աճի առաջանցիկ տեմպերը՝ որպես գլխավոր նպատակ ունենալով բնակչության բարեկեցությունը: Տարեցտարի զարգացնելով Արցախի տնտեսությունը՝ մենք կերաշխավորենք ցանկալի ապագայի գոյությունը՝ հենված զարգացման եւ անվտանգության վրա: Այդ ճանապարհին յուրաքանչյուր հայ իր նշանակալի դերակատարումը կարող է ունենալ Արցախի շենացման գործում:

Սիրելի՛ բարեկամներ,

ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս եւ բարեմաղթանքներս՝ տարեմուտի եւ Սուրբ ծննդի առթիվ: Ձեր ընտանիքներում սերն ու համերաշխությունը թո՛ղ անպակաս լինեն»,- ասվում է Արցախի վարչապետի ուղերձում: