Բավ է պառակտվել
16-03-2017 17:51

ՀՀ վարչապետը հանձնարարել է ստուգել նավթամթերքների մատակարարման աղմկահարույց գործը


Հինգշաբթի օրը Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հանձնարարել է ստուգել երկիր ներկրվող նավթամթերքների որակը:
Փետրվարի վերջին վառելանյութերի վերաբերյալ Ազգային ժողովում Կարապետյանի արած հայտարարությունը հասարակության կողմից լայն հնչեղություն ստացավ: Վարչապետը հայտարարել էր, որ 2016թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ ռազմական տեխնիկան չի աշխատել վատ որակի վառելանյութի պատճառով:
«Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում խնդիրներ են վերհանվել բենզինի և դիզելային վառելիքի որակի վերաբերյալ: Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաև գործնականում առկա որոշակի բացթողումներով: Արդյունքում սպառողներին և շուկային էական վնաս է հասցվում»,- ասել է Կարապետյանը: Այդ առիթով նա Կարայանին հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրություն իրականացնել բենզինի, դիզելային վառելիքի և վառելանյութի այլ տեսակների վաճառքի ոլորտում չարաշահումների վերացման և որակի բարձրացման գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:
Հարկավոր է նաև առաջարկություն ներկայացնել՝ ըստ վառելիքի տեսակների համապատասխան թույլտվությունների հստակ տարանջատման վերաբերյալ, հաշվի առնելով երկրի ներքին շուկայում դրանց սպառման փաստացի կառուցվածքը։
Ինչպես կառավարության նիստից հետո մանրամասնել է Կարայանը՝ վարչապետի հանձնարարականը անմիջականորեն կապված է վառելանյութի վերաբերյալ նրա նախորդ հայտարարության հետ, ինչի կապակցությամբ նախարարությունը շուկայի ուսումնասիրություն կիրականացնի և կառավարությանը կներկայացնի իր եզրակացությունն ու առաջարկությունները:
Միևնույն ժամանակ նախարարը անհամաձայնություն հայտնեց այն դիրքորոշմանը, որ խնդիրը կայանում է հանրապետություն ներկրվող անորակ վառելանյութի մեջ:
«Խնդիրը խոշոր ներկրողների մեջ չէ, քանի որ ԵՏՄ-ից ապրանքը Հայաստան է ներմուծվում որակի համապատասխան սերտիֆիկատով, որը մենք իբրև հիմք ենք ընդունում, և նրանց չվստահելու պատճառ չունենք: Իսկ եթե ապրանքը ներմուծվում է երրորդ երկրներից, ապա մենք ստուգում ենք ապրանքի որակը»,- ասել է Կարայանը:
Նախարարը նշել է, որ այս կապակցությամբ ստուգումների հիմնական շեշտը դրվելու է երկրի ներսում իրականացվող վաճառքի՝ մանրածախ առևտրի վրա: