Բավ է պառակտվել
25-03-2017 16:53

ՀՀ վարչապետը տվել է «Հայաստանի ներդրողների ակումբի» գործունեության մեկնարկը

 

Հայաստանում մեկնարկել է «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային, պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեությունը: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, ակումբի աշխատանքների մեկնարկը տրվել է շաբաթ օրը Երևանում՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի հայկական համայնքը ներկայացող երեք տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ:
Հունվարի 25-ին ռուսական գործարար շրջանակների հայազգի ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել՝ Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելու գործընթացին աջակցելու և ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես-ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։
ՀՀ վարչապետը միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ Ակումբի անդամներից յուրաքանչյուրին անձամբ է ճանաչում, և նրանցից ոմանց հետ ունի բարեկամական հարաբերություններ:
«Այս ակումբը մեզ համար բեկումնային է լինելու ոչ միայն նրա համար, որ գալու են առողջ, երկարատև ներդրումներ, երկարատև բիզնես ծրագրեր, այլև մենք ունենալու ենք կորպորատիվ նոր մշակույթ»,- ասել է վարչապետը:
Կարապետյանը ընդգծել է, որ քաղաքացիների հետ հանդիպումներին նա բազմիցս է նշել, որ շատ երկրներ, որոնք վերջին 20-30 տարում որակ են փոխել, կանգնած են եղել ոչ պակաս խնդիրների առջև, քան ունի Հայաստանը:
Բայց նրանց համարձակությունը, հավակնոտ ծրագրերը, պրագմատիկ և ռացիոնալ լինելը, կամքը, նպատակասլացությունը, որոշ դեպքերում՝ կոշտությունը բերել են նրան, որ իրենք երկիր են փոխել: Ինչո՞ւ մենք չենք կարող լավ երկիր ունենալ, ինչո՞ւ ուրիշները կարող են, մենք՝ ոչ»,- նշել է նա:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ «Հայաստանի ներդրողների ակումբի» յուրաքանչյուր անդամն իր պատմությամբ, իր օրինակով ստեղծել է բիզնես կայսրություն, և գալով Հայաստան՝ նրանք որակ են փոխելու:
«Բացի այդ, անդամներից յուրաքանչյուրն ունի մեծ շրջապատ, և այս ակումբը դառնալու է կամուրջ իրենց շրջապատի, իրենց հետ կապիտալով, գործով կապված մարդկանց ու մեր երկրի միջև: Այս ակումբի մուտքը Հայաստան նաև նպաստելու է ֆինանսական, կապիտալի շուկայում առկա բացերի լուծմանն ու զարգացմանը»,- ասել է նա:
Կարապետյանի խոսքերով Ակումբի անդամներն իրենց բարոյական կերպարով, պահելաձևով, նոր մշակույթ են մտցնելու բիզնես էլիտայի մեջ, ինչը, իր համոզմամբ, չափազանց կարևոր է:
Շնորհակալություն հայտնելով ակումբի բոլոր անդամներից, Կարապետյանը հատուկ շնորհակալական խոսքեր է հղել բարեգործ և ներդրող Սամվել Կարապետյանին:
«Դուք բոլորդ չեք էլ պատկերացնում՝ ինչքան կարևոր գործ եք արել: Ես վստահ եմ, որ կառավարության հետ այս ակումբի համագործակցությունը լինելու է շատ կանխատեսելի և հասկանալի: Մենք մի բան հստակ ենք ասել. մենք ցանկացած բիզնեսմենի գործընկերն ենք, և դուք ռեգուլյար զգալու եք մեր այդ ձգտումը: Չափազանց կարևորում եմ, որ ակումբը լինի հաջողակ, և հենց ճիշտ հիմքն այն է, որ սա ոչ թե բարեգործական, այլ ագրեսիվ բիզնես ակումբ է»,- ընդգծել է Կարապետյանը:


«Հայաստանի ներդրողների ակումբը» ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված առաջին ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդն է մեր երկրում, որի նպատակն է ներքին և արտաքին մասնավոր ֆինանսական միջոցների ներգրավմամբ նպաստել ՀՀ տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող հետևյալ ոլորտների զարգացմանը՝ էներգետիկա, այդ թվում՝ այլընտրանքային էներգիայի արտադրություն, էներգետիկ և զբոսաշրջային ենթակառուցվածքներ, հանքարդյունաբերություն, հանքանյութի վերամշակում, սննդի և թեթև արդյունաբերություն»:
Նմանատիպ պայմանագրային ներդրումային ֆոնդերը կարևոր տեղ են զբաղեցնում զարգացած պետությունների ֆինանսական գործիքների շարքում՝ հանդիսանալով տնտեսական աճի և տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման գործոն:
Ֆոնդը, որի կառավարիչը «Ֆորա Կապիտալ» ՍՊԸ-ն է, իր գործունեությունն իրականացնելու է նոր և գործող ընկերությունների կապիտալի մասնակցության, պարտատոմսերի և անշարժ գույքի ձեռքբերման, ինչպես նաև փոխառությունների տրամադրման տեսքով:
Ֆոնդին անդամակցել կարող են ցանկացած իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչը, ելնելով ֆոնդի բնույթից, պետք է հաստատվի հիմնադրամի կառավարող ընկերության՝ «Ֆորա Կապիտալ» ՍՊԸ տնօրենների խորհրդի կողմից: «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այդ մասնակիցների թիվը չի կարող գերազանցել 49-ը: