27-01-2017 14:01

ՀՀ վարչապետ. ուզում ենք բոլորին ցուց տալ մեր երազանքի երկիրը

Հայաստանում հարկավոր է ստեղծել իսկապես ազատ և արդար բիզնես միջավայր, հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը The Banker հեղինակավոր բրիտանական հրատարակությանը տված հարցազրույցում։
«Վստահ ենք, որ մեր ազգի ստեղծագործ ներուժի և բիզնես–խորաթափանցության շնորհիվ` տեղական ձեռներեցությունը կարձանագրի իսկապես արագ աճ։ Բացի այդ, եթե մենք հստակ ազդակներ ուղղենք, ապա օտարերկրյա ներդրողները կարձագանքեն և կգան հայկական շուկա իրենց համար հարմար խաղի պայմաններով», – նշել է նա։
Կարապետյանի խոսքով, հաշվի առնելով Հայաստանում տիրող ներկա տնտեսական իրավիճակը` հարկավոր է խթանել բիզնեսը հնարավոր է իշխանությունների համար ոչ ավանդական մեթոդներով։
«Մենք նախատեսում ենք ստեղծել հիմնադրամներ, որոնք պետք է ֆինանսավորեն տարբեր ոլորտները, օրինակ` գյուղատնտեսությունն ու ՓՄՁ սուբյեկտները», – նշել է նա։
ՀՀ վարչապետն ավելացրել է, որ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում, մասնավոր և պետական հատվածի տաղանդավոր ներկայացուցիչների մասնակցությամբ, կքննարկվեն և կմշակվեն երկարաժամկետ ծրագրեր և բարեփոխումներ, ինչպես նաև կսահմանվեն Հայաստանի զարգացման ուղիները։
«Հարկավոր է անել հնարավոր ամեն ինչ` ստեղծագործ և աշխատասեր մարդկանց համար բարենպաստ և հարմար պայմաններ ստեղծելու նպատակով։ Հարկավոր է սահմանել այնպիսի հորիզոններ, որպեսզի բոլորը կարողանան մասնակցել ապագայի կառուցման գործում։ Ուզում ենք բոլորին ցուց տալ մեր երազանքի երկիրը», – ընդգծեց նա։
Խոսելով վարչապետի պաշտոնում աշխատանքի մասին` Կարեն Կարապետյանը նշել է, որ այդ ամենը ենթադրում է առաջնահերթություն բոլոր հարցերում։ «Տնտեսական աճ, սոցիալական խնդիրներ, առողջապահություն և կոռուպցիայի դեմ պայքար. դժվար է ասել, թե այս ամենից որն է ավելի առաջնահերթ», – նշել է նա։
Այս կապակցությամբ Կարապետյանն ավելացրել է, որ վարչապետի և ձեռներեցի աշխատանքում և գործունեությունում տարբերությունն այն է, որ վարչապետը չի կարող իրեն թույլ տալ շռայլություն` կենտրոնանալու ամենակարևոր հարցերի վրա։
«Կարծում եմ, որ մեր առաջնահերթ խնդիրն է հասարակության հետ հաստատել այնպիսի կապ, որպեսզի մարդիկ հասկանան, հավատան և արձագանքեն մեր ազդակներին։ Խոսքը ոչ միայն բիզնես միջավայրի, այլ նաև հասարակության լայն շերտերի մասին է։ Մեզ համար շատ ավելի հեշտ կլինի բարելավել իրավիճակը, եթե մեր ազգը լինի մեր դաշնակիցը և աջակցի մեր առաջարկած ծրագրերին», – ավելացրել է նա։