Բավ է պառակտվել
02-06-2016 12:30

Վարչապետը թվարկել է մենաշնորհային համարվող շուկաները

Այսօր՝ հունիսի 2-ին, կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է մենաշնորհների դեմ պայքարին՝ մատնանշելով այն շուկաները, որոնք համարվում են մենաշնորհային:

Նա անդրադարձավ մայիսի 12-ի իր հանձնարարականին՝ ասելով, որ Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարական էր տվել եւ առաջարկել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին քննարկել հանրապետությունում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունն ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա եւ ներկայացնել առաջարկներ:

«Ինձ մոտ կայացած քննարկումների արդյունքում եզրահանգել ենք, որ սոցիալական նշանակություն ունեցող կարեւորագույն ապրանքային շուկաները, ինչպիսիք են շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, դեղորայքի, բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաները, թեեւ ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն, հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ»,-ասաց Հովիկ Աբրահամյանը՝ ընդգծելով, թե պատճառն այն է, որ այս ապրանքային շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, ինչը բերում է այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են մրցակցության խաթարումը, փոքր եւ միջին ձեռնարկատերերի շուկայից դուրս մղումը եւ նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շահերի ոտնահարումը, կոռուպցիան, գների անհիմն տատանումները եւ ի վերջո երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը:

«Ընդհանրապես, յուրաքանչյուր ապրանքի շուկայում առկա են այդպիսի կենտրոնացվածության թե՛ յուրահատուկ, թե՛ առավել ընդհանրական պատճառներ, որոնցից ընդհանրականի հաղթահարմանն էլ պիտի առաջնահերթ ուղղված լինեն մեր ջանքերը: Առաջին հերթին կսկսենք վերոնշյալ սոցիալապես կարեւոր ապրանքային շուկաներից: Իհարկե, միայն դրանցով չենք սահմանափակվելու»,-նշեց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել հստակ ուղեցույցներ ներկայացված ապրանքների ներմուծման գործընթացների մանրամասն նկարագրմամբ:

«Դրանք պետք է ընդգրկեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, փորձաքննությունները, սերտիֆիկատները, վճարումները, ժամկետները, իրականացնող մարմինները, բողոքարկման կարգը եւ այլն: Ուղեցույցները պետք է զետեղվեն Էկոնոմիկայի նախարարության, Ֆինանսների նախարարության, ՊԵԿ-ի, ինչպես նաեւ բոլոր առնչվող գերատեսչությունների կայքերում: Ուղեցույցները երկամսյա ժամկետում պետք է տեղադրվեն նաեւ անգլերեն եւ ռուսերեն լեզուներով»,-ընդգծեց նա:

Կառավարության աշխատակազմի ղեկավարին վարչապետը հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներդնել թեժ գծի ծառայություն՝ ներկայացված խնդիրների մասով ահազանգերի ստացման եւ դրանց արագ արձագանքելու նպատակով:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահին եւ վարչապետի վերահսկողական ծառայությանը վարչապետը հանձնարարեց օգոստոսի 1-ից սկսած ամսական կտրվածքով հրապարակել վերլուծական հաշվետվություն ներմուծումների ժամանակ մաքսային ձեւակերպումների ընթացքում նույնական մոտեցման վերաբերյալ՝ ըստ նշված ապրանքային շուկաների:

«Այստեղ ուշադրության կենտրոնում պետք է լինի բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմանների ապահովումը, իսկ յուրաքանչյուր չհիմնավորված շեղում պետք է դառնա ծառայողական քննության առարկա: Հսկողության պատշաճ կատարման համար մեկամսյա ժամկետում ստեղծել անհրաժեշտ մեթոդաբանություն եւ մեխանիզմներ»,-ընդգծեց Հովիկ Աբրահամյանը:
Նա ասաց, որ խնդրին համակարգային լուծում տալու նպատակով Էկոնոմիկայի նախարարությանը եւ ՊԵԿ-ին հանձնարարում է քննարկել եւ երկամսյա ժամկետում ներկայացնել հայեցակարգ՝ թե ինչ լրացուցիչ կարգավորումներ պետք է կիրառել ներմուծում-մեծածախ վաճառք-մանրածախ վաճառք շղթայում, որը կբացառի խոշոր տնտեսվարողների կողմից ապրանքային շուկայում խաղի կանոնների թելադրումը:

«Մասնավորապես, առաջարկում եմ քննարկել վերոնշյալ սոցիալապես կարեւոր ապրանքային շուկաներում նույն խոշոր տնտեսվարողի կողմից միաժամանակ մանրածախ եւ մեծածախ վաճառքով զբաղվելն արգելելու գաղափարը: Այդ պարագայում խոշոր տնտեսվարողը մեծածախ վաճառքը պետք է իրականացնի միայն պետականորեն հսկվող էլեկտրոնային հարթակի միջոցով, որտեղ վաճառքի պայմանները պետք է լինեն թափանցիկ եւ հավասար բոլոր ձեռքբերողների համար: Եվ եթե անգամ ներմուծող եւ մանրածախ առեւտրով զբաղվող ընկերությունները փոխկապակցված են, միեւնույն է, պետք է հարաբերվեն միայն այդ հարթակի միջոցով»,-նշեց վարչապետը:

«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն հիմնադրամին հանձնարարում եմ համագործակցելով բոլոր առնչվող գերատեսչությունների հետ եռամսյա ժամկետում ուսումնասիրել ներմուծման հետ առնչվող ընթացակարգերը եւ դրանց հնարավոր պարզեցման ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ՝ մասնավորապես քննարկելով ինքնահայտարարագրման հնարավորությունների լայնացման, ինչպես նաեւ զանազան լաբորատորիաներից եւ ՊՈԱԿ-ներից ծառայությունների ձեռքբերման, սերտիֆիկատների տրամադրման պահանջները նվազագույնի հասցնելու հնարավորությունները: Այս խնդիրների ընթացիկ վերահսկողությունը դնում եմ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի վրա»,-իր խողքն ամփոփեց վարչապետը: