Բավ է պառակտվել
19-02-2015 12:22

Գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերը կսուբսիդավորվեն վեց տոկոսով

ՀՀ կառավարությունն այս տարի գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերը կսուբսիդավորի ոչ թե տարբերակված՝ չորս կամ վեց տոկոսով, այլ՝ համատարած՝ վեց տոկոսով: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: Հիշեցնենք, որ 2011 թվականի ապրիլից գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսադրույքով (14 %-ով) վարկեր, որոնց 4, իսկ հանրապետության առավել կարիքավոր 225 համայնքների համար 6 տոկոսային կետը սուբսիդավորվել է։ Ծրագրի շրջանակներում 2011 թվականի ապրիլի սկզբից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվել է 69.01 մլրդ դրամի 77.5 հազ. միավոր վարկ: Ընդհանուր առմամբ, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման գումարը կազմել է 2.40 մլրդ դրամ: Հաշվի առնելով ծրագրի կարևորությունը գյուղատնտեսության կայունության և զարգացման համար` ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով միջոցառման իրականացման համար հատկացված գումարը նախորդ` 2014 թվականի նկատմամբ ավելացել է 33.3%-ով, որի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել բոլոր համայնքների համար կիրառել 6 տոկոսային կետի սուբսիդավորում, ինչը պետք է ամրագրվի նշված որոշման համապատասխան փոփոխությամբ: Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կբարձրանա գյուղատնտեսությունում տրամադրվող վարկերի մատչելիության մակարդակը, նախադրյալներ կստեղծվեն գյուղատնտեսությունում տնտեսավարողների կայունության, տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման և ծավալների ավելացման համար: