Բավ է պառակտվել
19-05-2015 17:17

Հոսանքի սակագնի բարձրացումը կապված է ՀԷՑ-ի չարաշահումների հետ. Լ. Զուրաբյան

ԱԺ հայտարարությունների ժամին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր անդրադարձավ 17 դրամով էլեկտրաէներգիայի գինը բարձրացնելու մասին ՀԷՑ-ի հայտին և պնդեց, թե ակնհայտ դարձավ, որ իշխանությունները ոչ մի քայլ չեն անում այս պարբերական թանկացումների դեմ: 
Զուրաբյանի խոսքով՝ ակնհայտ է, որ ողջ բնակչությունը չի կարողանալու հոգալ այս նոր ծախսը, առանց այն էլ սոցիալական վիճակը կվատանա՝ առաջացնելով արտագաղթի նոր ալիք: 
«Ակնհայտ է, որ գների բարձացումը հիմնականում կապված է ՀԷՑ-ի չարաշահումների հետ, որը 250 մլն դոլարից ավելի պարտք է կուտակել»,- ասաց նա և հավելեց, թե այդ պարտքի մարումը ժողովրդի ուսերի վրա են ուզում դնել: 
«Հարց է առաջնում. Ինչո՞ւ իշխանությունները, մասնավորապես Գլխավոր դատախազությունը չի հարուցում քրեական գործ, ինչո՞ւ չեն ուզում գտնել գողերին: Եթե այդ քայլերը չեն անում, արդյո՞ք պարզ չէ, որ գողությունն օրինականացնում են»,- հարցեց նա: 
Նույն պահվածքը, ըստ նրա, «Նաիրիտ»–ի դեպքում է, երբ տասնյակ միլիոններ գողացվել են վերաշահագործման համար, իսկ կառավարությունը գործերը քննելու գործ չի հարուցում: Նրա պնդմամբ՝ նույնը գազի ոլորտում է։ Ըստ Լևոն Զուրաբյանի՝ այս ամենը ցույց է տալիս, որ ՀՀ պետական իշխանության ներսում գործում է թալանի լռելյայն համաձայնություն, օղակի հանցավոր գործարք: «Եթե այդ օղակը չջարդվի, ՀՀ-ն այլ ապագա չունի»,- եզրափակեց նա: