Բավ է պառակտվել
08-07-2016 13:42

ԵՏՄ ՀՀ անդամակցությունից հետո բազմաթիվ խնդիրներ առաջացան.նախարար

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո բազմաթիվ խնդիրներ առաջացան թե՛ նորմատիվ բազաների միասնական ձևավորման, թե՛ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությունների ներքո ընդունվող փաստաթղթերի ներդրման մասով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Երևանում ընթացող ձեռներեցության հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական կոմիտեի իններորդ նիստից հետո լրագրողները հարցրին՝ արդյոք սա կօգնի՞ լուծել խնդիրները, որոնք առաջացել են հայ գործարարների համար ԵՏՄ տարածքով ապրանքների շրջանառությունը կատարելու դեպքում, հատկապես, հաշվի առնելով հանգամանքը, որ մենք սահմանակից չենք կառույցի անդամ-պետություններին:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս խորհրդատվական քննարկման հիմնական նպատակն այն է, որ հստակեցում մտցվի այն հարցերում, որոնք առաջացել են տեխնիկական կանոնակարգերի ընդունման, դրանց կիրառման, մեկնաբանման, անդամ երկրների առևտրի խթանման վերաբերյալ:

«Միասնական մոտեցում պետք է լինի: Եթե օրինակ Ռուսաստանից որևէ ապրանք է ներմուծվում Հայաստան, որի շրջանակներում հայկական կողմը՝ հարկային մարմիններ կամ այլ ծառայություններ, կպահանջեն այնպիսի փաստաթղթեր, որոնք միասնական են, իրավունք չպետք է ունենան: Խոսքը, օրինակ, սերտիֆիկատների մասին է:

Կան առանձին հարցեր, որոնք կապված են հայկական ապրանքները ռուսական շուկայում կամ անդամ երկրների շուկայում իրացման հետ կապված, որի ժամանակ որոշակի դժվարություններ են առաջանում Հայաստանի արտադրողների կամ արտահանողների համար: Այսպիսի հարցերի քննարկումներն են, որոնք պետք է միասնական մոտեցում ձևավորեն, իջեցվի համապատասխան հանձնաժողովի կողմից անդամ երկրներին, որ ներքին օղակներին ասվի, որպեսզի ավելորդ վարչարարական միջամտություններ թույլ չտան, հնարավոր լինի ապրանքների առևտուրն իրականացնել առանց խոչընդոտի»,- ասաց էկոնոմիկայի նախարարը՝ նշելով, որ կարևոր հարցերից մեկը, որը քննարկելու են` ԵՏՄ երկրներից դուրս ստեղծված ապրանքների` դեպի ԵՏՄ ներմուծմանն է վերաբերելու:

Ինչ վերաբերվում է ԵՏՄ երկրների հետ սահման չունենալուն, ապա նախարարն ասաց, որ այդ հանգամանքն էականորեն դժվարացնում է այն հիմնական առավելություններից օգտվելու հնարավորությունը, որ կարող էր լինել միասնական սահմանի պարագայում: «Բայց դա չի վերացնում հնարավորությունը, որ մենք կարող ենք իսկապես օգտվել ԵՏՄ-ի մեծ շուկայից»,- շեշտեց Արծվիկ Մինասյանը: