Բավ է պառակտվել
19-05-2015 16:35

Էլեկտրաէներգիայի թանկացումը կդառնա ապրանքի գնի աճի պատճառ. պատգամավոր

Էլեկտրաէներգիայի թանկացումը կհանգեցնի առաջին անհրաժեշտության արտադրանքի գների թանկացման և կբարձրացնի տեղական ապրանքի գինը: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամի ընթացքում ասաց Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ, Հայ Ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը: Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ սակագները բարձրացնելու վերաբերյալ ՀԷՑ-ի պահանջը պայմանավորված է ոչ թե օբյեկտիվ պատճառներով, այլ  250 մլն.-ի չափ պարտքը մարելու նպատակով: Նրա խոսքով՝ ընկերությունը կուտակել է այդ պարտքը վատ կառավարման, իսկ այլ խոսքերով, սովորական թալանի պատճառով, որը, ըստ էության, հաստատել է նաև էներգետիկայի նախարարը: Եվ այդ ամենը երկար տարիների ընթացքում տեղի է ունենում կառավարության աչքի առաջ: Ոլորտի առողջացման ուղղությամբ աշխատելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն, Դեմիրճյանի խոսքով, այժմ ընկերությունը փորձում է իր պարտքը մարել բնակչության հաշվին, որն անընդունելի է: Պատգամավորը նշեց, որ տվյալ քայլով բնակչությունը կհայտնվի անելանի վիճակում: Նա ընդգծեց,  որ տվյալ իրավիճակը ստեղծվել է նաև սխալ տնտեսական քաղաքականության և բոլոր ռազմավարական օբյեկտները վաճառելու ձգտման պատճառով: