Բավ է պառակտվել
02-12-2013 21:57

Հայ-ռուսական բանակցություններն ավարտվեցին. ստորագրվեց 12 կարևորագույն փաստաթուղթ

ՀՀ Նախագահի նստավայրում ավարտվել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները, տեղեկացնում է նախագահի գրասենյակի կայքը:

Երկու երկրների նախագահների առանձնազրույցից հետո, կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց արդյունքներով ստորագրվել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես, ստորագրվել են՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում 2014-2017թթ. միջոցառումների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև 2014-2015թթ. խորհրդատվությունների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության միջև 2014-2015 թվականների համար միջնակարգ ընդհանուր կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման և զարգացման հետագա միջոցների մասին հուշագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության միջև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցում տրամադրելու մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Ռուսաստանի Դաշնության զբոսաշրջության դաշնային գործակալության միջև 2014-2016 թվականների համար համատեղ գործողությունների ծրագիրը, 2014-2018թթ. Հայաստանի Հանրապետություն բնական գազ ներմուծելու մասին «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և  «Գազպրոմ էքսպորտ» բաց բաժնետիրական ընկերության միջև գործարքը, «Օյլ Տեխնո ԼՊ» ընկերության և «Ռոսնեֆտ Գլոբալ Թրեյդ Ս.Ա.» ընկերության միջև համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագիրը և բաժնետիրական համաձայնագիրը: