14-03-2016 12:32

Բանակցություններն ընթանում են գազի գինը լրացուցիչ իջեցնելու ուղղությամբ. Լևոն Յոլյան

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե գազի 165 դոլար գինը գործում է մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը: «Բանակցություններն ընթանում են այն ուղղությամբ, որ գինը լրացուցիչ իջեցվի»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ բանակցություններն ընթացքում են, երբ վերջնական պատկերը կլինի, միանգամից կտեղեկացնեն հանրությանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ պայմանագիր չկնքվի և ապրիլի 1-ից նորից 189 դոլար վճարենք գազի դիմաց, նախարարը պատասխանեց՝ «չեմ կարծում»:

«Մոտակա ժամանակներս մենք ձեզ կտեղեկացնենք վերջնական լուծումների և պայմանավորվածությունների մասին»,-նշեց Յոլյանը:

Նախարարն անդրադարձավ նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հայտարարությանը, թե ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպման ընթացքում նախատեսվում է նաև գազի սակագնի հետ կապված քննարկում, որպեսզի պահպանվի ներկայիս գինը՝ 165 դոլարը, իսկ լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է, որ ռուսական կողմը չհամաձայնի, Շավարշ Քոչարյանը պատասխանել է, որ արդեն պատրաստի նախագիծը կա, որը համաձայնեցված է և ենթադրվում է, որ պիտի ստորագրվի: Լևոն Յոլյանն ասաց, որ ինքն այդ հայտարարությունից տեղյակ չէ և չի ցանկանում մեկնաբանել:

Լրագրողի հարցին, թե ՌԴ կատարած այցի ընթացքում նախարարն ուղեկցել է ՀՀ Նախագահին, նկատել է արդյո՞ք, որ բանակցությունների ընթացքում խոչընդոտներ առաջացած լինեն, Լևոն Յոլյանը պատասխանեց. «Նախնական քննարկում էին հնարավոր մաքսիմալ իջեցման տարբերակները, որոնք այսօր քննարկման փուլում են «Գազպրոմի», ՌԴ կառավարության հետ»:
Նախարարը ևս մեկ անգամ ընդգծեց, որ արդյունքների մասին կտեղեկացնեն առաջիկայում, երբ արդեն վերջնական պայմանավորվածություն կլինի։

Նա միաժամանակ ասաց, թե ռուսական կողմից զգացել է բավականին դրական վերաբերմունք առողջ, բանականության դաշտում հարցը քննարկելու շուրջ:Ինչ վերաբերում է գազը ռուսական ռուբլով գնելու խոսակցություններին, նախարարն արձագանքեց, թե բանակցություններն ընթանում են դոլարով գնման մասին: