Բավ է պառակտվել
04-02-2016 12:15

Ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը. վարչապետ

Հայաստանի տնտեսվարողների համար էական է իրենց արտադրանքի մրցունակությունը չխաթարող էներգակիրների գինը, և կառավարությունը շահագրգռված է, որ հանրապետության էական ենթակառուցվածք հանդիսացող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը լինի կայուն և խելամտորեն շահութաբեր: Այս մասին գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ, այդուհանդերձ, տնտեսության և բնակչության համար ևս գները պետք է լինեն մատչելի և շահավետ: «Գազի սպառման ծավալների նվազումը ակնհայտորեն վկայում է, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ ավելի ցածր գների դեպքում: Կարծում եմ, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունը մեծ անելիք ունի այս բիզնես տրամաբանությունը հանրությանը և իր վերադասին ներկայացնելու գործում, ինչի արդյունքում թե՛ ընկերության, թե՛ ՌԴ-ի համար հստակ կդառնան մեր բանակցային առաջարկի փոխշահավետ բնույթը»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը: