Բավ է պառակտվել
19-06-2014 18:24

ԼՂՀ-ում նվազագույն աշխատավարձը կլինի 50 հազար դրամ

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացման հետ կապված` ԼՂՀ կառավարության նիստում սահմանվել են պետական կառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, համայնքների ղեկավարների և նրանց աշխատակազմերի աշխատողների, ԼՂՀ պետական բյուջեից ֆինանսավորվող հիմնարկների և կազմակերպությունների, կրթության և գիտության համակարգի կրթադաստիարակչական հիմնարկների և կազմակերպությունների առանձին կատեգորիաների աշխատողների, ինչպես նաև առողջապահության համակարգի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները: ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանի խոսքով` հանրապետությունում հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կլինի 50 հազար դրամ, հաշվարկման հիմքում օգտագործվել են ՀՀ-ում գործող գործակիցները: Ակնկալվում է բոլոր ճյուղերում բարձրացնել աշխատանքի և մատուցվող ծառայությունների որակը: Այս կարևորագույն խնդրի լուծման նպատակով ամսական շուրջ 650 մլն դրամ է հատկացվելու պետական բյուջեից` 19,5 հազար շահառուների համար:Մասնավորապես, կրկնապատկվելու են համայնքների ղեկավարների աշխատավարձերը, իսկ ուժային կառույցներում դրանք համապատասխանեցվելու են պաշտպանության նախարարության համապատասխան գործակիցներին: Կարևորելով աշխատավարձերի բարձրացման գործընթացը` ԼՂՀ վարչապետը նշել է, որ կյանքի է կոչվում նախագահի նախընտրական և կառավարության գործունեության ծրագրերի հիմնական դրույթներից մեկը: Ա. Հարությունյանի գնահատմամբ` աշխատավարձերի բարձրացմամբ կմեղմվի սոցիալական լարվածությունը, և կբարձրանա բնակչության կենսամակարդակը: Գործադիր իշխանության ղեկավարը այս ամենը, սակայն, բավարար չի համարել, որովհետև նվազագույն աշխատավարձը դեռևս շարունակում է ցածր մնալ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից. այդ ուղղությամբ անելիքները դեռևս շատ են: 2015թ. նախատեսվում է նվազագույն աշխատավարձի 10 տոկոսի բարձրացում ևս: