Բավ է պառակտվել
30-05-2016 13:55

Արծվիկ Մինասյանը չի բացառում, որ շաքարավազի ներկրման ոլորտին մենաշնորհ կտրվի

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը չի բացառում, որ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ կտրվի: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Մինասյանը մինչ հայտարարությունը նշեց, թե վստահ է, որ իր այս հայտարարությունը քննադատությունների տեղիք կտա:

Ըստ Մինասյանի՝ Հայաստանի շաքար արտադրող գործարանն այսօր աշխատում է իր հզորության 25-30 տոկոսի չափով: «Հիմա հարց է՝ առհասարակ այդ 25-30 տոկոսն էլ չպետք է թույլ տալ, որ աշխատի՞, թե՞ ավելի լավ է դու օրենքով իրեն ճանաչես մենաշնորհ, բայց պայմաններ առաջադրես: Ընդունենք ասես՝ դու պետք է առնվազն 90 տոկոս հզորությամբ աշխատես, դու պետք է ապահովես նավազագույնն այսքան աշխատատեղ, այսքան պետական բյուջեի մուտք, պետք է ապահովես թափանցիկություն: Այդ դեպքում, անկախ նրանից, թե ովքեր են սեփականատերերը, գուցե պետությունը նաև աջակցի՞ այդ կազմակերպությանը՝ արտահանում կազմակերպի»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Հարցին, թե այսինքն՝ կառավարությունը փորձում է օրինականացնել այն, ինչն այսօր ապօրինաբար առկա է, նախարարը պատասխանեց. «Ոչ, ես ասում եմ հետևյալը՝ սրանք հարցեր ենք, որոնք պետք է քննարկվեն»:

Նա նշեց, որ, օրինակ, Շվեյցարիան իր աղ արդյունահանող ձեռնարկությանը տվել է բացառիկ իրավունք՝ Շվեյցարիա աղի ներմուծման թույլտվություն տալու առումով:

«Դա նույնպես մասնավոր ընկերություն է, օրենքով տվել են իրավունք, նույնը կարող է լինել Հայաստանում»,- ասաց նա, ապա հավելեց. «Սրանք հարցեր են, որոնք պետք է քննարկվեն: Այն ոլորտները, որոնք տեղական արտադրություն են կազմակերպում, պետք է ապահովեն զբաղվածության մեծ քանակ, հանրային պատասխանատվության տակ պետք է լինեն և տնտեսական մեծ արդյունք տան։ Արդյոք ճի՞շտ է, որ մենք այս մասով ամբողջությամբ ներմուծման ազատություն տանք, թե՞ այնուամենայնիվ հանրային շահն այս դեպքում պահանջում է, որպեսզի օրենքով բոլոր հարաբերությունները կարգավորվեն՝ թեկուզ նրան մենաշնորհ տալով»:

Իսկ մինչ հայտարարությունը, Մինասյանին լրագրողները հարցրին, թե կատարել է արդյոք երեք շաբաթ առաջ վարչապետի հանձնարարականը. բացահայտե՞լ է մոնոպոլ դիրք ունեցող ընկերություններին և ցանկը ներկայացնել է գործադիրին: Արծվիկ Մինասյանն ասաց, թե երեք շաբաթ ժամանակը քիչ է, և ինքը պատրաստվում է դիմել Հովիկ Աբրահամյանին՝ հատկացված ժամանակը երկարաձգելու խնդրանքով:

«Եթե դուք ակնկալում եք, որ ես դատախազի ֆունկցիա պետք է իմ վրա վերցնեմ, նման ակնկալիք մի ունեցեք: Ես շատ լավ գիտեմ իմ լիազորությունները»,- ասաց Մինասյանը՝ նշելով, որ եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ , ապա որքան Նոբելյան մրցանակներ ստացած կլինեին մենաշնորհների դեմ պայքարողները: