Բավ է պառակտվել
04-11-2014 08:09

Սերժ Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Ժանգ Վենկային: Նախագահը բարձր Է գնահատել Հայաստանի հետ ԱԶԲ-ի համագործակցությունը և դրա շրջանակներում Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանն ու կայուն տնտեսական աճի ապահովմանն ուղղված գործունեությունը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բանկին՝ տարիներ շարունակ Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար և պարոն Ժանգ Վենկայի այցը համարել Հայաստանի և ԱԶԲ-ի միջև կայուն գործընկերային փոխհարաբերությունների վկայություն:

Ժանգ Վենկայը ևս գոհունակությամբ է խոսել Հայաստանի հետ 2005 թվականից ի վեր բանկի փոխգործակցության մասին և ընդգծել, որ Ասիական զարգացման բանկն այժմ աշխատում է առաջիկա հինգ տարիների «Հայաստանի գործընկերության ռազմավարություն» փաստաթղթի վրա և պատրաստակամ է շարունակելու օժանդակությունը Հայաստանի համար առաջնահերթություն համարվող ոլորտների զարգացմանը, այդ թվում՝ ենթակառուցվածքների (տրանսպորտ, էներգետիկա, ճանապարհաշինություն, քաղաքաշինություն, ջրային համակարգ), ինչպես նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանման ուղղությամբ, տեխնիկական օժանդակություն տրամադրելու տեղական կարողությունների և տարածաշրջանային փոխգործակցության զարգացման, ներդրումների և արտահանման խթանման, նորարարական և գիտելիքահենք տնտեսության զարգացման նպատակով: Նշելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան, Ժանգ Վենկայն ընդգծել է, որ այն, իր տպավորությամբ, հրաշալի երկիր է՝ զարգացման մեծ ներուժով: Նա նաև բանկի պատրաստակամությունն է հայտնել Հայաստանում կազմակերպելու ներդրումային ֆորում, որը հնարավորություն կտա Հայաստանի տնտեսության մեջ ներգրավել օտարերկրյա նոր ներդրումներ և կնպաստի առաջնահերթ ծրագրերի իրագործմանը: Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ուղղությամբ աշխատանքը, մտքեր փոխանակել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալուց հետո տնտեսության զարգացման հնարավորությունների շուրջ: Ժանգ Վենկայը շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին՝ այդ պայմանագրին միանալու կապակցությամբ և կարծիք հայտնել, որ այն կարող է Հայաստանի տնտեսության զարգացման համար մեծ հնարավորություններ ստեղծել: