Բավ է պառակտվել
29-11-2014 14:10

Սերժ Սարգսյանը գինու գործարանում գործի է գցել շամպայնի շշալցման հոսքագիծը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ նոյեմբերի 29-ին, այցելել է Արագածոտնի մարզում գտնվող «Արմենիա Վայն» գինու գործարանը: Նա շրջայց է կատարել գործարանի արտադրամասերում, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին, իրականացված նոր ներդրումներին, գործարանի ձեռքբերումներին եւ զարգացման հետագա ծրագրերին: Շրջայցի ընթացքում Հանրապետության ղեկավարին ներկայացրել են, որ գինու, կոնյակի եւ օղու արտադրություն կազմակերպելու նպատակով ընկերությունը 2008-2011թթ. կատարել է շուրջ 9.5 մլն եվրոյին համարժեք դրամի ներդրումներ, որոնք ուղղվել են խաղողի ընդունման կետի, գինու առաջին արտադրամասի, սպիրտի պահոցի, օղու կուպաժի եւ շշալցման արտադրամասերի հիմնմանը, տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերմանը: 2012-2014թթ. ընկերությունը շարունակել է խոշորածավալ ներդրումներ կատարել գինու եւ կոնյակի արտադրության ոլորտներում, ինչպես նաեւ շամպայն գինիների արտադրության կազմակերպման նպատակով: Կատարվել է 5.617 մլրդ դրամի ներդրում:

Կառուցվել եւ շահագործման են հանձնվել գինու պահոցը, գինու եւ կոնյակի հնեցման մառանը, կոնյակի համար խաղողի ընդունման նոր մեքենայատունը եւ կոնյակի վինիֆիկացիայի արտադրամասը, նոր պահեստը, վարչական մասնաշենքը, նոր լաբորատորիան եւ տեխսպասարկման կենտրոնը: Ընդլայնվել է նաեւ կոնյակի սպիրտի թորման արտադրամասը: Գործարանի արտադրամասերը հագեցվել են գինեգործական ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով, որոնք ներկրվել են Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից եւ Բելգիայից: Ընկերությունը Հայաստանի գինեմետ խաղողի սորտերի խոշոր մթերող կազմակերպություններից է: Այսօր այն ունի 200 աշխատակից, որոնց միջին աշխատավարձը կազմում է շուրջ 160.0 հազ. դրամ: Ներկայումս ընկերությունն արտադրում է օղի եւ գինի: «Արմենիա վայն» ընկերության գործարանում այսօր Նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել նաեւ «Արմենիա» հայկական շամպայնի առաջին շշալցման արարողությունը: 2015թ. վերջին նախատեսվում է սկսել կոնյակի շշալցումը:

Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել ընկերությանը ընթացիկ գործունեության եւ զարգացման ծրագրերի իրականացման գործում՝ ընդգծելով, որ ընկերության հաջողությունը նաեւ աշխարհում հայկական մրցունակ ապրանքանիշի առաջմղման տեսանկյունից է կարեւոր: