29-07-2014 10:16

՛՛Նաիրիտի՛՛ աշխատակիցների աշխատավարձը փակել են ՛՛Որոտան ՀԷԿ՛՛-ի միջոցներով. ՛՛Ժողովուրդ՛՛

Պարզվում է՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքերը իշխանությունները պարբերաբար փակել էին «Որոտանի ՀԷԿ»-ի եկամուտների միջոցով: Թե ինչ գումարի մասին է խոսքը, առայժմ գաղտնի է պահվում: Սակայն ենթադրվում է, որ դրանք մեծ գումարներ են, գրում է «Ժողովուրդ» թերթը:

«Ի դեպ, տեղեկացնենք, որ մինչեւ հիմա դեռեւս չի ավարտվել «Որոտանի ՀԷԿ»-ի վաճառքի գործարքը: Չնայած ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերության հետ Որոտանի վաճառքի պայմանագիրը ստորագրվել էր այս տարվա հունվարի 29-ին, սակայն մինչեւ հիմա բանակցություններ են ընթանում տեխնիկական հարցերի շուրջ: Ըստ Էներգետիկայի նախարարության լրատվական ծառայության՝ այդ բանակցությունների ավարտից հետո «պետք է ստորագրվի գործարքի փակման ակտը, այնուհետեւ կիրականացվեն վճարումները եւ մյուս գործընթացները»,–գրում է թերթը։