Բավ է պառակտվել
09-10-2014 16:02

Հանդիպել են Երեւանի եւ Մոսկվայի փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները

Մոսկվայի կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ 2014-2016 թվականների համագործակցության ծրագրի շրջանակում Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքում տեղի է ունեցել Մոսկվայում եւ Երեւանում փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հանդիպում:
«Բիզնես-Մարաթոն» նախագծի շրջանակում կազմակերպված հանդիպումը նախաձեռնել է Մոսկվայի գիտության, արդյունաբերական քաղաքականության եւ ձեռներեցության դեպարտամենտը`միջտնտեսական եւ միջազգային դեպարտամենտի օժանդակությամբ: Մոսկվայաբնակ գործարարների այցի նպատակը երեւանաբնակ գործընկերների հետ բժշկական սարքավորումների, մեքենաշինության, շինարարական եւ ներկայացված այլ ոլորտների համագործակցություն ծավալելն ու առկա փորձը փոխանակելն է: Բացման խոսքում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գեւորգյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին, նշել է, որ Երեւանի եւ Մոսկվայի միջեւ ձեւավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունների առաջնահերթություններից է տնտեսական փոխգործակցությունը, ինչի արդյունքում, ի թիվս կյանքի կոչվող այլ ծրագրերի, հնարավոր է դարձել կազմակերպել նաեւ գործարարների այս հանդիպումը:
Դավիթ Գեւորգյանը մոսկովյան պատվիրակությանը հրավիրել է մասնակցելու Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումներին: Երեւանի քաղաքապետարանի զարգացման եւ ներդրումային վարչության պետ Արմեն Հարությունյանն էլ նշել է, որ Երեւանի քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում մասնավոր հատվածի եւ քաղաքապետարանի համագործակցությանը, որի շրջանակում աշխատանքներ են տարվել նաեւ ՀՀ –ում ՌԴ դեսպանատան առեւտրային ներկայացուցչության հետ` Մոսկվայի եւ Երեւանի գործարարների պարբերական, այդ թվում նաեւ այս հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ:
Մոսկվա քաղաքի գիտության, արդյունաբերական քաղաքականության եւ գործարարության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կնյազեւը նախ շնորհավորել է հայ գործընկերներին «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարության առիթով եւ բեղմնավոր աշխատանք է մաղթել հայ եւ ռուս գործընկերներին: Մոսկվայի կառավարությունն ու Երեւանի քաղաքապետարանն այսուհետ եւս հնարավորին աջակցելու են երկու քաղաքների գործարարների անմիջական համագործակցությանը: