20-08-2014 13:59

Կառավարության խնդիրն է սահմանամերձ բնակավայրերում միջավայր ստեղծել ներդրումների համար».Մ.Մելքումյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն այսօր լարգրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ «Քառյակը» պատրաստվում է սահմանամերձ գյուղերի բնակիչներին արտոնություններ տալու առաջարկների փաթեթ ներկայացնել Կառավարությանը: «Առաջարկվում է սահմանամերձ գոտու բնակիչներին ազատել հողի հարկից և գույքահարկից, փոքր և միջին բիզնեսի համար նվազեցնել արտոնագրային վճարները, ինչպես նաև շրջանառության հարկի տոկոսադրույքները», մանրամասնեց բանախոսը:
Անդրադառնալով «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի նախագծին` Մ.Մելքումյանը նշեց, որ այս օրենքի ընդունումից հետո նախատեսվում է մարզերում, այդ թվում` սահմանամերձ գոտիներում ստեղծել արդյունաբերական գոտիներ: «Իհարկե սահմանամերձ գոտում ներդրումներ կատարելը հեշտ չէ, բայց պետք է պայմաններ ստեղծենք, որ ներդրումներ կատարվեն: Այն մարդիկ, ովքեր մնացել են սահմանամերձ բնակավայրերում, նրանք չեն հեռանալու, ուստի Կառավարության խնդիրն է միջավայր ստեղծել ներդրումների համար»,- ասաց Մ.Մելքումյանը:
Քննարկամնը ներկա Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ արտաքին վտանգների առկայության պարագայում պառլամենտական ընդդիմադիր կուսակցությունները կառուցողական մոտեցում ցուցաբերեցին: Ըստ նրա` կուսակցությունների համագործակցությունը Կառավարության հետ արդեն իսկ տալիս է իր դրական արդյունքները:
«Սահմանային գյուղերին ազատ տնտեսական գոտիների կարգավիճակ տալու գաղափարը մեր միության աշխատանքային ծրագրում եղել է, և լավ է, որ այս իրավիճակը բերեց նրան, որ Կառավարությունն արդեն գնում է արդյունավետ քայլերի»,- ասաց Վ.Սաֆարյանը: