Բավ է պառակտվել
18-05-2016 13:16

Արծվիկ Մինասյանը՝ մենաշնորհների դեմ պայքարի և ԶԼՄ-ների մասին

Ես մոնոպոլիաների դեմ պայքարի թիվ մեկ ջատագովներից եմ ու զարմանում եմ, որ ավելի բաց ու թափանցիկ իմ աշխատաոճը դարձավ քննադատության առարկա. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներին ուղղված համագործակցության իր կոչին: «Ես բազմիցս եմ դիմել լրագրողներին, ուզո՞ւմ եք համատեղ աշխատենք, աշխատենք, ուզում եք աջակցե՞ք, աջակցեք, բայց մի խանգարեք»,- ասաց նա: Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավարի այն հայտարարություններին, թե մենաշնորհների դեմ պայքարը Դաշնակցության տասներկու կետերից մեկն է, և Արծվիկ Մինասյանը գիտի, թե ովքեր են մոնոպոլիստները, ասաց. «Հիմա քաղաքական ուժի ներկայացուցիչ է, ցույց է տվել իր անգործունակությունը, տեսողության և ոչ միայն տեսողության հետ կապված ինքը բազմաթիվ խնդիրներ ունի, բայց ինչ քննադատություն էլ հնչի, ես գնալու եմ առաջ»: Նա նշեց, որ չի պատրաստվում սիրողական մակադրակով հայտարարությունները դարձնել պետական քաղաքականության ուղղվածություն: «Միևնույն է, ես գնալու եմ այդ ուղղությամբ և պայքարելու եմ մենաշնորհների դեմ, իսկ մնացածը... Աստված կպատժի նրանց, ովքեր դեմ են հանդես գալիս իրենց իսկ ցանկություններին»,- ասաց նա: Ինչ վերաբերում է վարչապետի տված ժամկետին, նախարարն ասաց. «Վարչապետի տված ժամկետը բավարար է, որպեսզի մենք մատնանշենք հիմնական խնդիրները, բայց այդ խնդիրները հիմնարար լուծում են պահանջում: Մենք չենք կարող միայն հայտարարել, որ խնդիրները սրանք են և մի կողմ կանգնել, հարկավոր է գործողություններ ձեռնարկել»: Նա նշեց, որ միջազգային կառույցներին ևս հրավիրել են համագործակցության: Բանախոսը նշեց, որ երկար տարիներ աշխատել է խորհրդարանում, սակայն հիմա, երբ նախարար է, հստակ տեսնում է տարբերությունը: «Խորհրդարանում դու կարող ես հիմնվելով տարբեր խոսակցությունների վրա՝ հայտարարություններ անել, գործադիրի հայտարարությունները կյանքի կոչելու մեխանիզմներ է պետք մշակել»,- ասաց նա: Հարցին, թե այս շաբաթ ինչ արդյունքների են հասել, Արծվիկ Մինասյանն ասաց. «Դուք ամբողջական տեղեկատվությունը զեկույցի տեսքով կստանաք ինձնից: Մի կասկածեք, բոլոր հայտնի անունները, որոնց մասին մտածում եք, բոլորը կլինեն, բայց ես պետք է փաստարկված հիմքերով այդ ամենը ունենամ: Մի սպասեք, որ ես ականջահաճո կամ ամբոխահաճո հայտարարություններով կփորձեմ գրավել որոշ մարդկանց սրտեր։ Չկա այդպիսի բան, ես՝ որպես նախարար, ավելի սկզբունքային և կարևոր եմ համարում երկրի զարգացումն ապահովելը, քան տարբեր քաղաքական ուժերի և անձանց հետևից ընկնելը: Կամ օգնեք, կամ էլ գոնե մի խանգարեք»: