Բավ է պառակտվել
15-12-2014 16:49

Թեհրանում սկսվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը

Դեկտեմբերի 15-16-ին Թեհրանում կանցկացվի հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը, որին մասնակցելու համար Իրանի Իսլամական Հանրապետություն է մեկնել Հայաստանի պատվիրակությունը` հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի գլխավորությամբ: Հայկական պատվիրակության կազմում են նաև տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող պաշտոնյաներ ու մասնագետներ: Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը բացել են հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և իրանական կողմի համանախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչանը : ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, ասել է. -Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր բարեկամական հարաբերություններն ընդգրկում են ամենատարբեր բնագավառներ և ունեն զարգացման մեծ ներուժ: Մեզանից յուրաքանչյուրն այդ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև նոր նախագծերի կազմման գործում ունի պատասխանատվության իր բաժինը և անելիքները: Մեր երկրների Նախագահները բազմիցս նշել են, որ Հայաստանի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունները դեռևս չեն համապատասխանում երկկողմ քաղաքական հարաբերություններին, որոնք գտնվում են բարձր մակարդակի վրա: Երկկողմ տնտեսական հարաբերությունների ներուժի միայն փոքր մասն է օգտագործված, իսկ արդյունավետ աշխատանքի արդյունքում մենք կարող ենք այդ հարաբերությունների մակարդակը բարձրացնել մի քանի անգամ,- ասել է Երվանդ Զախարյանը:


Նրա խոսքով տնտեսության ամենատարբեր բնագավառներում հարաբերությունների զարգացման համար կա իրավապայմանագրային անհրաժեշտ հիմք: Այսօր պետք է ուշադրություն դարձնել երկկողմ տնտեսական կարևորագույն նախագծերի՝ մասնավորապես Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Իրան-Հայաստան երկաթգծի, Մեղրի ՀԷԿ-ի և այլ խոշոր ծրագրերի իրականացմանը: - Կարծում եմ, որ մեր երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման գործում լուրջ դերակատարություն կարող է ունենալ նաև մասնավոր հատվածը ներկայացնող առևտրային կառուցների և հաստատությունների համագործակցության սերտացումը, ինչպես նաև համատեղ ներդրումների խրախուսումը,- ասել է Երվանդ Զախարյանը: -Փոխվստահության ու բարիդրացիության ավանդույթների վրա հիմնված հայ-իրանական կապերի ներկայիս բարձր մակարդակը հանդիսանում է մեր երկրների միջև հաստատված փոխշահավետ համագործակցության խորացման գրավականը, և ես վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք լրացուցիչ լիցք հաղորդել համատեղ նախագծերի իրականացմանը,- վստահեցրել է հայ-իրանական միջկառավարական հնաձնաժողովի համանախագահ Երվանդ Զախարյանը: Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստին կքննարկվեն տնտեսական ոլորտի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Աշխատանքային խմբերը երկու օրվա ընթացքում ի մի կբերեն էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, գյուղատնտեսության, առևտրի, առողջապահության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում կատարված աշխատանքների արդյունքներն ու հետագա անելիքները: Նիստի ավարտին կստորագրվի «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագիրը»: Տեղեկացնենք նաև, որ Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը ձևավորվել է 1992 թվականին` երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը զուգահեռ :