Բավ է պառակտվել
03-02-2015 17:18

Քննարկվել են ԱԶԲ-ի հետ իրականացվող համագործակցության ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրեն Կլաուս Գեր Հանսենի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին ու առանձնակի կարևորելով Երևանում ճանապարհաշինական, այդ թվում նաև մայրաքաղաքը շրջանցող ճանապարհների կառուցման ծրագիրը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երթևեկության կանոնակարգման առումով անչափ կարևոր էին Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի շրջանակում իրականացվող աշխատանքները: Անդրադառնալով Տրանշ 2-ին՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ, կարևորելով Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում նպաստել, որպեսզի այդ մասով աշխատանքները ևս կարճ ժամանակահատվածում գործնական ընթացք ստանան: 
«Հաշվի առնելով Տրանշ 1-ի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունավետ ընթացքը՝ ակնկալում ենք, որ ԱԶԲ–ի հետ միասին կյանքի կկոչենք նաև Տրանշ-2-ով նախատեսված ծրագիրը, ինչն իր հերթին տրամաբանական ավարտին կհասցնի շրջանցիկ ճանապարհի կառուցման ամբողջ ծավալով աշխատանքները»,- նշել է քաղաքապետը: 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրեն Կլաուս Գեր Հանսենը, գոհունակություն հայտնելով ծրագրի արդյունքներից, ընդգծել է, որ քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է բանկի համար. «Ծրագրի Տրանշ 1-ի շրջանակներում իսկապես մեծ աշխատանք է կատարվել, և արդյունքն այսօր ակնհայտ է: Վստահ եղեք, պարոն քաղաքապետ, որ մենք իսկապես բարձր ենք գնահատում Երևանի քաղաքապետարանի հետ աշխատանքը, քանզի մշտապես տեսնում ենք նախանշված աշխատանքները հետևողականորեն կյանքի կոչելու պատրաստակամությունը»,- նշել է Կլաուս Գեր Հանսենը, հավելելով, որ փոխգործակցությունը կլինի շարունակական: