04-10-2014 15:44

Մենք չունենք այն ռեսուրսը, որ մի քանի հազար առևտրի օբյեկտ փակվի. ԲՀԿ պատգամավոր

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել է, որ իրենք կողմ են քվեարկել «Շրջանառության հարկի մասին» օրենքին, որպեսզի շրջանառության հարկը 3,5 տոկոսից դառնա 1 տոկոս, սակայն առաջարկել են նաև իրենց պայմանները:
Ըստ պատգամավորի՝ իրենք առաջին ընթերցմամբ օրենքին կողմ են քվեարկել այն պայմանով, որ երկրորդ ընթերցման ժամանակ փոփոխություններ կատարվեն, սակայն դրանք չեն կատարվել: Մ. Մելքումյանը նշեց, որ օրենքի հետ կապված իրենք երեք հիմնական առաջարկ են ներկայացրել. առաջին՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնք ցանկանում են վճարել շրջանառության 3,5 տոկոս հարկ, վճարեն այդքան, իսկ նրանք, որոնք ցանկանում են վճարել 1 տոկոս հարկ՝ ներկայացնելով օրենքով պահանջվող համապատասխան թղթերը, վարվեն այդպես: Երկրորդ՝ շրջանառության առավելագույն շեմը 58,35 մլն դրամից դարձնել 150 մլն դրամ: Երրորդ՝ առաջարկվել է առայժմ կասեցնել օրենքի կիրառումը:
«Ինչպես գիտեք, մենք երկու օր բանակցեցինք Կառավարության հետ, սակայն կառավարությունը մնաց իր տեսակետին՝ առաջարկելով մեկ լուծում: Ֆինանսների նախարարը հրաման ստորագրեց, որպեսզի ձեռնպահ մնան ՓՄՁ-ներում անհիմն ստուգումներ իրականացնելուց, բացառությամբ՝ ռիսկային համարվողների»,- ասաց Մելքումյանը:
Նա նշեց, որ եթե փորձում են խոշոր բիզնեսը ստվերից հանել ՓՄՁ-ների միջոցով, և խոշոր ձեռներեցը 2-3 ամիս փաստաթուղթ չտվեց փոքրին, ապա փոքրերը կփակվեն, քանի որ նրանք ժամանակ չունեն:
Պատգամավորի խոսքերով` եթե երեք տարի առաջ հանրապետությունում կար 19 հազար մանրածախ օբյեկտ, հիմա` 10 500:
«Սա պաշտոնական թիվ է: Եթե այս կոշտ վարչարարությունը շարունակենք, ապա 10 500-ի կեսն էլ կփակվի»,- նշեց Մելքումյանը` հավելելով, որ այս հարցին պետք է շատ լուրջ մոտենալ, այսինքն` կրճատել խոշորի ստվերը ի հաշիվ փոքրի պայմանների վատացման, ապա երկիրը լուրջ խնդրի առաջ կկանգնի:
Հանդիպմանը ներկա Ժառանգություն խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն էլ նշեց, որ սխալը ընդունելու ունակություն Կառավարությունը այս պահին չունի:
«Կառավարությունն ասում է` մենք բարելավում ենք, 3,5 տոկոսը իջեցնում ենք 1 տոկոսի, բայց խնդիրը տոկոսը չէ, այլ այն, որ փաստաթղթավորում տեղի ունենար: Նույնը եղավ և կուտակային կենսաթոշակների մասին օրենքով, երբ որ մարդկանց չէին իրազեկել կարգին և տեսանք, թե ինչ տեղի ունեցավ»,-ասաց Թևան Պողոսյանը:
Անդրադառնալով Երևանում, Գյումրիում և Սևանում առևտրականների բողոքի ակցիաներին և ՀՀ վարչապետի խոստմանը, թե 3-4 օրից առևտրականների խնդիրներին լուծում կտան, Մ.Մելքումյանը նշեց, որ եթե հարցադրում անողները լուրջ և հետևողական պայքար մղեն իրենց իրավունքների և շահերի համար, ապա զիջումներ կլինեն:
«Մենք չունենք այն ռեսուրսը, որ կոշտ ռեֆորմների արդյունքում մի քանի հազար առևտրի օբյեկտներ փակվեն և դա հեշտությամբ անցնի գնա»,- նշեց Մ.Մելքումյանը: