Բավ է պառակտվել
20-05-2016 14:17

Մեդվեդևն առաջարկում է արագացնել ԵՏՄ մաքսային օրենսգրքի ընդունումը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստան է ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով

ԵՏՄ մաքսային օրենսգրքի ընդունումը ձգձգվել է, և պետք է փաստաթղթի ներդրման վերջնական ամսաթիվ ամրագրել, ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևանում։

«Կասկած չկա, որ ԵՏՄ մաքսային օրենսգրքի ընդունումը կարևորագույն նպատակ է, դրա համաձայնեցումը ձգձգվել է։ Մենք կողմ ենք, որ ամեն ինչ արագ արվի, և անցնենք կիսատ թողած ճանապարհը», —Երևանում անցկացվող ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ասել է Մեդվեդևը։

Նա նշել է, որ «այսօր մենք, ըստ էության, կարող էինք, ամրագրել այդ կարևոր փաստաթղթի ընդունման վերջնական ժամկետը»։Մեդվեդևի խոսքով` օրենսգիրքը պետք է հեշտացնի մաքսային ձևակերպման գործընթացը, այն հասկանալի դարձնի գործարար հանրության համար ու հարմարավետ` օգտագործման համար։ Նա նշեց, որ դրան զուգահեռ ձեռնարկատերը կարող է մասնակցել ԵՏՄ նորմատիվ բազայի ստեղծման մասին հանրային բանավեճին։ Մեդվեդևը նշեց, որ ԵՏՄ նավթի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգի վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել Երևանում ԵՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպման արդյունքում։

Այդ հարցի քննարկումն ընթացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով։ «Փաստաթուղթն անհրաժեշտ է, որպեսզի արդեն միջնաժամկետ հեռանկարում` մինչև 2025թ.-ը, մենք հասկանալի կանոններով, աշխատանքի հասկանալի սկզբունքներով միասնական շուկա ունենանք, մենք բոլորս շահագրգռված ենք դրանում։ Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ այսօր մենք կարող ենք որոշում ընդունել հայեցակարգի մասին»,- ասաց Մեդվեդևը։