Բավ է պառակտվել
02-10-2014 16:35

Մարդկանց ազատում են հարկերից, իսկ նրանք ցույցեր են անում, զարմանալի է. Գ. Սահակյան

ՀՀ ֆինանսների նախարարն այսօր խորհրդարանին ներկայացրեց այն սցենարները, ըստ որոնց կզարգանան դեպքերը: Այս մասին հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» օրենքին:
«Խոսք չկա տուգանքների, հարկադրանքի կամ էլ որեւէ այլ խնդիրների մասին: Ֆինանսների նախարարը պատգամավորներին նույնիսկ առաջարկել է իրենց ներկայացուցիչներն ունենալ նախարարությունում: Ես հավատում եմ, որ առեւտրի կենտրոններում նման խնդիրներ չեն ծագի, քանի որ կառավարությունն ազատել է նրանց հարկերից: Շատ տարօրինակ է. մարդկանց ազատում ես հարկերից, իսկ նրանք բողոքի ցույցեր են անցկացնում՝ ասելով, թե ո՛չ, թող հարկեր լինեն: Դա նշանակում է, որ կա ստվերային տնտեսություն: Այդ պատճառով էլ ամեն ինչ պետք է փաստաթղթերով լինի, սակայն դա չի իրականացվելու այն ուղիներով, որոնք ներկայացվում են բնակչությանը», - վստահեցրել է Սահակյանը:  Ինչ վերաբերում է տարածված այն կարծիքին, թե փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին ցույցի են ուղարկում խոշոր ձեռնարկատերերը, խոսնակը նշել է, որ կա մի քանի սցենար` միաժամանակ հավելելով. «Չեմ կարծում, որ ստեղծված իրավիճակը փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին ստիպի լքել երկիրը»: